Լրահոս
Օրվա լրահոսը

«Ումի՞ց պիտի խլեք 4 մանդատ, որ «Բալասանյան» դաշինքը դառնա բացարձակ մեծամասնություն»․ Լևոն Բարսեղյան. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2016 21:50

ԳԱԼԱ կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուներն այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում իրենց գնահատականը հնչեցրեցին երեկ տեղի ունեցած ընտրությունների մասին, ինչպես նաև խոսեցին մանդատների բաշխումից։

ԳԱԼԱ կուսակցության ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Բարսեղյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ որևէ քաղաքական ուժ չստացավ այն, ինչ սպասում էր ունենալ կամ ակնկալում էր ունենալ։ Ոմանք ԳԱԼԱ-ի ստացած այս դիրքը համարում են պարտություն։ Անշուշտ, խոշոր հաշվով սա պարտություն էր, որովհետև ամենափոքր ֆրակցիան է եղել, սակայն համեմատելով մի շարք ուրիշ կուսակցությունների հետ՝ պիտի ասեմ փոքր ու խորհրդանշական հաջողություն է։ Ավելի լայն նայելիս՝ նկատում ենք, որ Հանրապետականը հերթական անգամ ձախողվեց այստեղ՝ ստանալով քվեների ընդամենը 1/3-ը, այսինքն` մարդիկ 1/3-ից ավել չվստահեցին Հայաստանի իշխող քաղաքական ուժին՝ գումարած գործող քաղաքապետին իր վարչական ռեսուրսով», -ասաց Լևոն Բարսեղյանը։

Թվարկելով իրենց արձանագրած ընտրախախտումները, ընտրողների կամարտահայտության վրա եղած ճնշումները, ընտրակաշառքի մասին ահազանգերը, մարդկանց ընտրատեղամասեր ուղղորդելն ու վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերը՝ բանախոսն ասաց, որ քվեարկությանը մասնակցել են քվեացուցակում տեղ գտած ընտրողների թվի հազիվ 30 տոկոսը։ Իսկ, սա, ըստ Լևոն Բարսեղյանի, շատ ցածր ցուցանիշ է ժողովրդի վստահության քվե համարելու համար։

Այնուհետ նա անդրադարձավ մանդատների բաշխման խնդրին։ «Մանդատների բաշխման խնդիրը, որ երեկ գիշեր ծագեց, նախկինում չէր եղել, չնայած գրեթե նույն սկզբունքով մանդատները բաշխում էին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝2009-ի և 2013-ի ընտրությունների ժամանակ, բայց, քանի որ այդ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հաջողացրել էր 60-70 տոկոսանոց քվեներ խփել և սահմանային քվե չէր եղել, ինչպես հիմա՝ 34, 40, 45, այս խնդրին չէին բախվել։ Էն օրենքից քոփի փեստ էին արել, վերցրել, դրել էին այս օրենքի մեջ այսպես կոչված օրենսդիրները ու հաշվի չեն առել, որ կարող են նման կազուսի առաջ կանգնեն։ Խոսքն այն մասին է, որ գործող Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածում 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանվում է Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ ստացած քվեների հիման վրա մանդատների բաշխման մեխանիզմը։ Եվ այդ մեխանիզմով հետևելով օրենքի տառին՝ բաշխում ենք ստացած քվեները, ստանում ենք 15 մանդատ Հանրապետական և Քրիսոտենա-դեմոկրատական դաշինքին, 9 մանդատ ԲՀԿ-ին, 4 մանդատ ԳԱԼԱ կուսակցությանը և 5 մանդատ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, հանրագումարում ստացվում է 33։

Սա 141-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տառացիորեն քվեների հաշվարկի հիման վրա մեր կատարած բանաձևային լուծումն է։ 5-րդ հոդվածով հղում է արվում 4-րդ հոդվածի վրա և ասվում է՝ մանդատների բաշխումից հետո, եթե պարզվում է, որ կուսակցություններից մեկը ստացել է 40-ից ավելի տոկոս մանդատ, ապա նա համարվում է բացարձակ մեծամասնություն և նա պիտի ստանա մնացած մանդատները։ Բառացիորեն այսպես է ասվում՝ ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը։ Հիմա հասկանում եք, որ 15 մանդատը տեղերի բացարձակ մեծամասնությունը չէ։ Մյուս երեք ուժերը ունենում եմ իրար հետ 18 մանդատ, և օրենսդիրը չի բացատրում, օրենքի մեջ չկա, թե այդ ինչպե՞ս է լինում, որ 15 մանդատ ունեցողը տիրապետում է մանդատների բացարձակ մեծամասնությանը, թեև 15 մանդատը 33 մանդատից կազմում է 45,45 տոկոս։ Ոչ ոք չի վիճում, որ 40 տոկոսից ավելի մանդատ է ստացել Սամվել Բալասանյանի դաշինքը, բայց թե ինչպե՞ս է նա դառնում մեծամասնություն, մնում է հանելուկ, սրա բացատրությունը Հայաստանում գիտեն երկու հոգի, ովքեր քանդակել են այս օրենքը, նոր Ընտրական օրենսգիրքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների գլուխը ներառյալ, Դավիթ Հարությունյանը ու Հրայր Թովմասյանը։

Իրենց պիտի հարցվի, թե որտեղի՞ց եք գտնում ևս 4 մանդատ, որպեսզի տաք 15-ին, 15-ը դառնա 19-ը և լինեք բացարձակ մեծամասնություն մնացած 18-ի նկատմամբ։ Սա տարրական մաթեմատիկա է, երեկ գիշեր, երբ այս հաշվարկը դրեցի ֆեյսբուքում, որոշ հանրապետականներ սկսեցին ցույց տալ այն օրենքի տեղը, որը մենք ուսումնասիրում ենք ուղիղ 3 ամիս օր ու գիշեր։ Դրա բացատրությունը չկա, որևէ կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչպե՞ս է լինելու բացարձակ մեծամասնությունը, ո՞ւմ մանդատն են խլելու տան ասենք Բալասանյան դաշինքին։ Պարոն Աշոտյանը, Ֆարմանյանը և ուրիշներ իրենց ֆեյսբուքյան էջում փորձում են ասել` չէ դուք սխալ եք հաշվարկել։ Ախպեր, սխալ ենք հաշվարկել, հասկացանք, ձեր ճիշտ հաշվարկը ցույց տվեք, ուրիշ բան չենք ասում մենք»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Բանախոսն այնուհետ հեգնեց․ «Եթե ինչ-որ մի գեղանկարչական կամ քանդակագործական հրաշքով այս 15 մանդատը չդարձնեն 17, բոլորը ստիպված են լինելու բանակցելու բոլորի հետ, մարդ կա երես կունենա բանակցելու, մարդ կա երես չի ունենա բանակցելու, ասենք էն տեսակ քարեր են գլորել, որ դրա տակից ելնելը շատ դժվար է, բայց ենթադրվում է, եթե որևէ մեկը չունի բացարձակ մեծամասնություն։ Պիտի փորձեն իրար հետ քննարկել, բանակցել մինչև ավագանու անդրանիկ նիստը։ Եթե դատական հետաձգումներ, վերաքվեարկության ինչ-որ բան չլինի, իսկապես մինչև այս շաբաթվա վերջ հայտարարվեն մանդատատերերը, վերջնական արդյունքները հրապարակվեն, օրենքով ավագանու հերթական նիստը պետք է լինի դրանից հետո հաջորդող առաջին երկուշաբթի օրը, հոկտեմբերի 10-ն է։ Եվ 10-ին Տեղական ինքնակառավարման օրենքի մեջ եղած լրացումների հիման վրա պիտի տեղի ունենա քաղաքապետի փակ գաղտնի ընտրություն»։

Լևոն Բարսեղյանը նաև ասաց, որ եթե նենգափոխեն արդյունքները, ուրիշ թվեր նկարեն ու ուրիշ քանակությամբ մանդատներ հատկացնեն «Բալասանյան» դաշինքին, իրենք կվիճարկեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատարանում։ Ըստ նրա, կվիճարկեն անգամ այն դեպքում, եթե չկպնեն ԳԱԼԱ-ի թիմի մանդատներին ու կպնեն այլ կուսակցությունների մանդատների թվին։ «Օրենքը նամուսով գրեիք, ես վստահաբար գիտեմ, որ օրենքի մեջ ահռելի խոտան կա և էս դեպքում իրենք կարող է հղում կատարեն իրենց մեկնաբանողի իրավունքին։ Ո՞վ կարող է մեկնաբանել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի՞ օրենքով սահմանվածը դնել, մեկնաբանել յուրովի, գլուխները պատին են տվել, մենք էդ կռիվն անելու ենք»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նա նաև ասաց, որ եթե անգամ «Բալասանյան» դաշինքը ինչ-որ մի գեղանկարչությամբ ստանա մանդատների կեսից ավելին, ասենք 16-17-ը, միևնույն է Սամվել Բալասանյանի համար անտանելի դժվար է լինելու կառավարել ավագանին ու քաղաքապետարանինը։ «Նախկին երջանկությունը՝ ավագանու մեկ անդամը 20-ի դեմ, այլևս չի լինելու։ Այլևս Բալասանյանն այդ բաղձալի իրադրությունը չի ունենալու, էդ 17 հոգուն գրկած, ման է տալու, էդ 17 հոգուց մեկը բացակայեց, էն մյուս 16 հոգին տուն են գնում, նիստը չի գումարվում, բոյկոտի զանազան մեխանիզմներ կան»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31