Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը»

Հոկտեմբեր 03,2016 21:01

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին:

Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում:

«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Մենք պարտավոր ենք շատ ավելի մոտիկից զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ:

Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը, և վստահ եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի և պատասխանատվությունը կրի պատվով: Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնում երկարատև և տքնաջան աշխատանքի համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ իր մասնակցությունը, հետաքրքրությունը չի պակասելու Պաշտպանության նախարարության և ամբողջ զինված ուժերի հանդեպ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ գնալով ավելանալու են նաև Պաշտպանության նախարարության հնարավորությունները:

Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ներկայացնելուց հետո, ըստ նախարարությունում ձևավորված ընթացակարգի՝ տեղի է ունեցել պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը. պաշտպանության նախկին նախարարը և գլխավոր շտաբի նախկին պետը նախարարին և գլխավոր շտաբի պետին են հանձնել նախարարության խորհրդանիշներն ու շտանդարտը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31