Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաբրիել հրեշտակապետն էլ երկնքից իջնի, առաջադրվի ՀՀԿ-ականի դեմ, կպարտվի». Դանիել Իոաննիսյան

Հոկտեմբեր 03,2016 20:20

Երեկ Գառնիում համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածուներից մեկը՝ Անահիտ Այվազյանը, Գառնիում հայտնի ակցիաների ակտիվ մասնակիցներից էր: Նա պարտվեց, թեեւ ավելի վաղ նա Tert.am-ին ասել էր, որ գառնեցիների խնդրանքով է թեկնածություն առաջադրել:

Քաղաքացիական ակտիվիստ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ակտիվիստ թեկնածուի պարտությունը բնական է համարում, քանի որ կարծում է. «Բնակավայրերը կարող են լինել շատ ընդդիմադիր՝ ինչպես Գյումրին կամ Գառնին իր հայտնի ցույցերով, մի բնակավայր, որտեղ վարչապետին ինչ ասես կարող են ասել ու օրերով բավականին կարեւոր ճանապարհ փակել: Բայց ՏԻՄ ընտրություններին չվերաբերել լուրջ: Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները ձեւավորվում են պետական սուբսիդիաների հաշվին, եւ հաճախ քաղաքացիներն ընտրում են մեկին, որը լավ լեզու կգտնի կենտրոնական իշխանությունների հետ: Սա է հիմնական պատճառներից մեկը, որ հայտնի դեմքերը պարտվում են իշխանության թեկնածուներին: Հատկապես փոքր բնակավայրերում համակարգն այնպիսին է, որ նույնիսկ Գաբրիել հրեշտակապետը երկնքից իջնի, առաջադրվի տեղացի հանրապետական տղայի դեմ, կպարտվի: Հատուկենտ են բացառությունները»:

Երեկ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները Դանիել Իոաննիսյանի բնորոշմամբ, կիսաձեւական էին. «Շատ հաճախ որպես ընտրություն այդպիսին չեն ունեցել, որովհետեւ բազմաթիվ ընտրախախտումների արդյունքում քվեարկության արդյունքները չի կարելի հալած յուղի տեղ ընդունել:

Գյումրիում ու Վանաձորում տեղաշարժը զրոյական կետից դեպի հաջողություն պայմանավորված է նաեւ ընտրակարգի փոփոխությամբ, մթնոլորտն առավել քաղաքականացված է: Բայց, ամեն դեպքում, դրանք մնում են ՏԻՄ ընտրություններ՝ ՏԻՄ ընտրությունների բոլոր տարրերով, մասնավորապես, բոլորի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ՏԻՄ ընտրություններին լուրջ չեն վերաբերում, մարդիկ իրենց ապագան ՏԻՄ-ի հետ չեն կապում, իրենց ապագան կապում են համապետական ընտրությունների հետ: Այնուամենայնիվ, մարդիկ որոշ առումով մասամբ ընտրություն ունեին, օրինակ` մեծ քաղաքներում ռեալ ընտրապայքար կար ու հակառակ կեղծիքների, ընդդիմությունը գոնե իր ծանրակշիռ ներկայությունն ավագանիում կունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31