Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկվողից դեպի անձեւ քաոս` սիրիական տարածքներում

Հոկտեմբեր 03,2016 19:25

Վերահսկվողից անձեւ քաոսի անցման նախադրյալներն էին հուշում ռազմական այն գործողությունները, որոնք արձանագրվեցին Սիրիայի Հալեպ քաղաքում անցյալ օրերին։

Համաձայնեցված զինադադարն անպայման պիտի ընդհատվեր, ռուս-ամերիկյան ոչ միայն դեկլարատիվ, այլ նաեւ գետնի վրա ռազմական միջնորդավորված երեւույթով անուղղակի ըստ էության ուղղակի բախումների հետեւանքով։

Ամբողջ խնդիրը կենտրոնանում էր այն պահանջի վրա, որ ռուսներն անընդհատ արծարծում էին` տարանջատել ընդդիմադիր զինյալներին ահաբեկչական խմբավորումներից։ Դեպքերը այնպես էին ստացվում, որ հակակառավարական ուժերի գրոհներում որոշ պահերի մշուշ էր ստեղծվում զինյալ տարրերի ինքնության վրա, նրանց պատկանած կազմակերպությունների առումով։

Իրադրությունները հուշում էին, որ ԻՊ-ը դեռեւս իբրեւ գործիք գործառույթ ուներ իրականացնելիք արգելակելու համար կառավարական ուժերի առաջխաղացումը կամ նրանց կողմից ռազմավարական նոր գոտիներ նվաճելու գործընթացը։

Ռուսական կործանիչների գործողությունները կենտրոնացան Հալեպ քաղաքի վրա՝ ամբողջ շրջանը մաքրելու ԻՊ-ի ներկայությունից եւ ազդեցությունից։

Փաստորեն, ամիսներ առաջ ռուսական զինուժի կողմից հայտարարված սիրիական տարածքներից հեռանալու հայտարարությունը այս ձեւով արմատապես եւ գործնակապես չեղարկվում էր։ Ռուսները շարունակում են վերահսկել սիրիական ծովեզերքը իրենց ռազմանավերով, Դամասկոսը, ռազմավարական այլ կարեւոր տարածքներ եւ հիմա էլ որոշել են ապաԻՊացնել սիրիական կարեւորագույն քաղաքը։

Այս առումով, լաբիրինթոսային իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից, Անկարան հյուսիսային Սիրիայում ուզում է ստեղծել անվտանգության գոտի, ներխուժում է Ջարաբլոս եւ ԻՊ-ի դեմ պատերազմելու պատրվակով չեզոքացման գործողություններ է իրականացնում քրդերի դեմ. մյուս կողմից, Վաշինգտոնը թույլ չի տալիս, որ Անկարան անարգել իրականացնի իր զինվորաքաղաքական առաջադրանքը. նա թե՜ զսպում է քրդերի առաջխաղացումը եւ թե՜ միաժամանակ քրդական խաղաքարտը օգտագործում Թուրքիայի դեմ։

Մինչ Մոսկվան մերձեցման եւ թեկուզ կարճաժամկետ համաձայնություններով արտոնում է Թուրքիայի մուտքը Սիրիա. սրա փոխարեն Անկարան համաձայնում է Մոսկվայի հետ, որ վերջինը  կենտրոնանա Հալեպի վրա։

Պատահական չէ, որ Անկարան համեմատաբար գեթ առերեւույթ ավելի պասիվ պահվածք ուներ վերջին իրադարձությունների նկատմամբ։ Եւ նույնքան պատահական չէ, որ Անկարայի մոտ կանգնած զինյալ խմբավորումները իբրեւ քաղաքական առաջադրանք հայտարարել էին Սիրիայի ապառուսականացման եւ ապաիրանացման կարգախոսը, այս անձեւ քաոսի ստեղծման ծրագրին տալու դիմադրության շարժման ծխածածկույթ։

Երեւույթները հուշում են, որ զինյալ ընդդիմության եւ ահաբեկչական խմբավորումների տարանջատումը այս հանգրվանին չի լինելու։ Այլ, ԻՊ-ին գործիքավորելու վարքագիծը շարունակվելու է որոշակի ժամանակի համար։

Ամենամշուշոտ դերը Անկարային է վերաբերում։ Մի կողմից, Մոսկվայի հետ մերձեցված Անկարան, ԻՊ-ի դեմ պատերազմում պիտի շարունակի ներառել քրդերին. Ահա այստեղ է նաեւ, որ տարանջատումը հստակեցնելու պահանջներ դրվեն ԻՊ-ի դեմ անհաշտ պատերազմ հայտարարողները։ Անկարայի խաղը  այս երկկողմանի լարախաղացությամբ շուտով սպառվելու է։ Հակառակ մերձեցումներին եւ հակառակ ներխուժման արտոնություններին, Անկարայից բացի ոչ մի ուժ իբրեւ ահաբեկչական միավորներ չի նույնացնում ԻՊ-ին եւ քրդերին։

Բարդ մեկնաբանելիս այս իրավիճակը հստակորեն հուշում է մի երեւույթ։ Ստեղծվում է անձեւ քաոս, որ գուցե վերջնական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հանգրվան է։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31