Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացվել է Մարսելի 92-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին

Հոկտեմբեր 03,2016 18:55

Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 3-ը Մարսելի «Chanot» զբոսայգում մեկնարկեց Մարսելի 92-րդ ամենամյա միջազգային տոնավաճառը, որի շրջանակներում Մարսելի մշակույթի և երիտասարդության հայկական տան, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո ներկայացվեց նաև հայկական տաղավար: Տաղավարի այցելուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու հայկական մշակույթին, զբոսաշրջությանը, սպորտի, առողջապահության, բանկային և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին և արձանագրված ձեռքբերումներին:

Տոնավաճառի շրջանակներում սեպտեմբերի 30-ը հայտարարվել էր «Հայաստանի պաշտոնական օր», որի բացման արարողությանը մասնակցեցին Էքս-Մարսել-Պրովանս տարածաշրջանի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը, Մարսելի միջազգային տոնավաճառի գլխավոր տնօրեն Լոիկ Ֆուշոնը, Մարսելի Մշակույթի և երիտասարդության հայկական տան նախագահ Կարո Հովսեփյանը, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բերնար Հատեմյանը: Միջոցառմանը ներկա էին Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազուր մարզի քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Բանախոսները անձնահատուկ հիշատակեցին 1991թ. սեպտեմբերի 22-ը, երբ Մարսելի միջազգային տոնավաճառում բարձրացվեց նախորդ օրը իր անկախությունը հռչակած Հայաստանի Հանրապետության եռագույնը՝ ազդարարելով Հայաստանի տաղավարի ստեղծումը: Ընդգծվեց, որ ամեն տարի Հայաստանի տաղավարի ներկայությունը իր նպաստն է բերում տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը: Իրենց ելույթներում բանախոսները նշեցին, որ այս 25 տարիների ընթացքում Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին և պատրաստ է օգնելու, աջակցելու և մասնակցելու ցանկացած միջոցառման՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը նշեց, որ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը, Էքս-Մարսել-Պրովանս տարածաշրջանը, Մարսելի քաղաքապետարանը մշտապես իրենց ակտիվ աջակցությունն և մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանին, Արցախին և հայ համայնքին վերաբերող միջոցառումներին` հույս հայտնելով, որ տոնավաճառը նոր հնարավորություններ կընձեռի հայ-ֆրանսիական տնտեսական և մշակութային հարաբերությունների առավել խթանման համար:

Երեկոն ուղեկցվեց Մարսելի Համազգային դպրոցի սաների երաժշտական կատարումներով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31