Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է Գյումրիում ԲՀԿ-ի շուրջ կոալիցիա ձևավորվի». Լյովա Խաչատրյան

Հոկտեմբեր 03,2016 18:45

ԲՀԿ-ն Գյումրիում բողոքարկելու է հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, թե այս ընտրությունները մյուսներից չեն տարբերել. վարչական ռեսուրսի կիրառում ամբողջ թափով, ընտրախախտումների մեխանիզմների կատարելագործում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Խաչատրյանն անգամ հեգնեց, թե երբ կուտակումների մասին ահազանգեր էին ստանում, 5-10 րոպեից լինում էին դեպքի վայրում, սակայն մինչև տեղ հասնելը դրանք «ներծծված էին» լինում: Այս առիթով նա նկատեց, թե «տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ մենք բոլորս միասին միմյանց լսում ու տեսնում ենք, այդ պատճառով չենք կարողացել շատ փաստեր արձանագրել»:

Ըստ պատգամավորի` ընտրախախտումներ գտնելն ու բացահայտելը ամենևին էլ կուսակցությունների գործը չէ, ինչպես հաճախ հայտարարվում է, այլ իրավապահների: Պարզվում է կուսակցությունների գործն այս առումով ավելի է բարդացել: Լյովա Խաչատրյանը պարզաբանեց. «Նման վարչական ռեսուրսի դեմ պայքարը դժվար է լինելու, նման օրենսգրքով ևս: Իրավապահներն իրենք պետք է իրենց գործն անեն. հայտնաբերեն ու կանխարգելեն ընտրախախտումները»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հպարտացավ, թե ՀՀԿ-ն գոհ է ընտրությունների արդյունքներից և համեմատելով մյուս կուսակցությունների հետ` նշեց, թե բոլորի մոտ էլ բացի ՀՀԿ-ից ընտրված համայնքապետերի թիվը նվազել է, այդ թվում ԲՀԿ-ի, որը «կորցրել է» համայնքապետ: Լյովա Խաչատրյանն էլ հակադարձեց. «Երեքը Գեղարքունիքում, երկուսը` Գյումրիում, մեկը Տավուշում. ԲՀԿ թեկնածուները հաղթել են: Մեր համայնքապետերի թիվը հինգով ավելացել է»:

Սուքիաս Ավետիսյանը շտապեց վստահեցնել, որ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ առանց ընտրախախտումների. «292 համայնքներից 176-ում ՀՀԿ անդամներն են անցել, 97 համայնքներում անկուսակցականներ էին մասնակցում, որոնցից 12-ն արդեն ՀՀԿ է դիմել, որ անդամագրվի: Ընդհանուր առմամբ` ՀՀԿ-ն գոհ է ընտրությունների արդյունքներից: Ամենագոհացուցիչն այն է, որ կարողացանք անցկացնել Ընտրական օրենսգրքին համապատասխան ընտրություն: Սա լավագույն ընտրություններից է»:

Լյովա Խաչատրյանն էլ իր հերթին գոհունակություն հայտնեց` վստահեցնելով, թե առանց գումար ծախսելու հաջողություն գրանցեցին, քանի որ բուռն քարոզարշավի մեջ էին:

Դառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրություններին` պատգամավորը նշեց. «Գյումրիում մենք բողոքարկելու ենք ընտրության արդյունքները մի շարք տեղամասերում, որից հետո որոշում կկայացնենք: Այո, այնտեղ կա հնարավորություն կոալիցիա կազմելու, բայց ոչ ձեր մտածած ուղղությամբ: Վերահաշվարկի արդյունքներում, եթե փոփոխություններ լինեն, բանակցություններ են գնում, որ հնարավոր է բոլոր ուժերը միանան մեզ: Այսինքն` ավագանու 17 մանդատը  ապահովվի ԲՀԿ-ի շուրջ համախմբումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31