Լրահոս
Օրվա լրահոսը

Նոտարներին պատասխանատվության կենթարկեն՝ անգամ անզգույշ սխալների համար

Հոկտեմբեր 03,2016 18:10

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախագծով նախ նոտարների գույքային պատասխանատվության հարցն է հստակեցվում:

Նախարարն ասաց, որ շատերը գիտեն, որ հաճախ, երբ կնքվում են պայմանագրեր, որոնց արդյունքում քաղաքացուն վնաս է պատճառվում, հարց է առաջանում՝ արդյոք ՀՀ անունից գործող պետական պաշտոնատար անձ հանդիսացող, բայց միեւնույն ժամանակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող պաշտոնյայի կողմից պատճառված վնասն ո՞վ եւ ինչպե՞ս պիտի հատուցի:

ՍԴ-ն որոշում էր կայացրել, որ գործող կարգավորումները չեն երաշխավորում նոտարի կողմից ՀՀ անունից իրականացված գործողությունների հետեւանքով առաջացած վնասի հատուցումը:

Գործող օրենքով նոտարը պատասխանատվություն է կրում բացառապես դիտավորությամբ պատճառած վնասի համար, իսկ հիմա առաջարկվում է, որ պատասխանատվություն կրի ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ արված սխալների համար:

Ապահովագրական գումարի բարձրացում է նախատեսվում նոտարի կողմից մատուցված ծառայությունների կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս, քան 6 մլն դրամ: Միեւնույն ժամանակ պահուստային ֆոնդ է լինելու: Նոտարների անդամավճարների 10 տոկոսը, որը կապիտալացվում է նոտարների պալատում, դրա հաշվին են սխալների համար քաղաքացիներին հատուցելու:

Նախագծով հստակեցված է, թե ինչ կարգապահական տույժեր կարող են կիրառվել նոտարների նկատմամբ, որ հիմքով եւ որ առիթների դեպքում ինչ պատասխանատվության կենթարկեն:

Նախարարը նաեւ նշեց, որ նոտարական ծառայությունները կարող են մատուցվել նաեւ էլեկտրոնային տարբերակով:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքերով՝այն պետական պաշտոնյաները, որոնք հարաբերվում են քաղաքացիների հետ, պարտավոր են շատ սիրալիր լինել. «Կարգապահական գործառույթների խստացումը տեղին եմ համարում: Տարիներ առաջ գործունեություն է ծավալել «Նորաշեն» կազմակերպությունը, որը Երեւանում շինարարական գործունեություն է իրականացրել: Գործադիր տնօրեն է եղել: Արաբկիրի նոտարիատում տարբեր քաղաքացիներ մեկ տասնյակից ավելի, գնացել են, նախավճարի պայմանագրեր են կնքել նույն հարկում նույն բնակարանի հետ կապված, նոտարը մեծ սիրով կնքել է այդ պայմանագրերը եւ այսօր էլ այդ նոտարը շարունակում է աշխատել: Ինքը փաստացի խաբեությանը մասնակից է եղել եւ նպաստել, նրա պատճառով էլ այսօր քաղաքացիները դատարաններում վիճարկում են իրենց բնակարանների հարցերը»:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ վիճակագրություն չունի, բայց գիտի դեպքեր, երբ նոտարներ հեռացվել են աշխատանքից: Նախարարն ասաց, որ հիմա բացառվում է, որ մի բնակարանը վաճառվի մի քանի հոգու: Նոտարը պատասխանատվություն կկրի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31