Aravot.am-ի հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ծանոթանալ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի աշխատանքներին, ի՞նչ եք պարզել, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց. «Հյուսիս-հարավի արդյունավետությունն ենք գնահատում, քննարկում ենք նաեւ ներդրումային բանկերի հետ աշխատանքների ընթացքը, մոտակա ժամանակներս արդեն պարզ կլինի»:
Վահան Մարտիրոսյանն այսօր մասնակցում էր «ArmIGF 2016» խորագրով Ինտերնետ Կառավարման Ֆորումին: Նախարարը ժամանեց փոքր-ինչ ուշացումով, երբ նրա եւ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքն արդեն ընթերցվել էր: Այդուամենայնիվ նախարարը ելույթ ունեցավ` ասելով, որ այս համաժողովը Հայաստանի եւ ոլորտի համար կարեւոր իրադարձություն է եւ խոստացավ, որ նախարարությունն ու կառավարությունը «կաջակցի ցանկացած նոր ծրագրի»:
Կարդացեք նաև
Ֆորումը կազմակերպվել էր քննարկելու, վեր հանելու ինտերնետ կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, եւ բովանդակության հետ կապված խնդիրները:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որը նույնպես մասնակցում էր համաժողովին Aravot.am-ի հետ զրույցում նշեց ոլորտի խնդիրներից մեկը, որը լուծելու համար, Հայաստանը նույնպես պետք է անցնի IP 6 համակարգին:
«Հիմա, փաստացի IP-ները չեն հերիքում, որովհետեւ մենք մտել ենք այնպիսի մի շրջան, երբ որ իրերն են կպնում ինտերնետին` թեյնիկը, սրճեփը, մեքենաները: Փաստացի ինտերնետ մտնողների թիվն անսահմանափակ աճում է, խոսքը գնում է միլիարդավոր մուտքերի մասին, որոնց համար չի հերիքում հասցե, դրա համար անցնում են IP 6-ին: Եթե չանցնենք դրան, ուղղակի կանգ կառնի զարգացումը, պրովայդերն ուղղակի չի ունենա IP: Դա աշխարհում գլոբալ խնդիր է, քանի որ պրովայդերների վերազինման հարց է եւ այլն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ