«Սոսե 2016» միջազգային կինոփառատոնը հատեց սահմանագիծը։ 104 ֆիլմ՝ 38 երկրից, մեկ շաբաթ անընդմեջ ցուցադրություններ ամենատարբեր կինոսրահներում և մշակութային օջախներում, քննարկումներ հեղինակների հետ և ոչ միայն։ Իսկ սեպտեմբերի 30-ին «Առնո Բաբաջանյան» փոքր համերգասրահում տեղի ունեցավ կինոփառատոնի մրցանակաբաշխությունը։
Ֆիլմերի նախնական ընտրությունը կատարել և մրցութային ծրագրերի հաղթողներին որոշել են միջազգային հանձնախումբն ու ժյուրին, որոնցում ընդգրկված են եղել նաև հայ մասնագետները։
Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված էին Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել էր 12 ֆիլմ: Հաղթող ֆիլմերի ցանկում, սակայն, հայկականներ չկան։
«Այսօր մեր երկրում մշակութային ամենաթույլ օղակներից մեկը կինոն է, որն ունի բոլորիս աջակցության կարիքը: Գնացե՛ք «Հայֆիլմի» դատարկ ու քարուքանդ, ամայի տաղավարներով քայլեք, դժվար առանց արցունքների հեռանաք: Մենք արժանի չենք այն ժառանգությանը, որ թողել են մեզ հայ կինոյի վարպետները… «Սոսե» միջազգային կինոփառատոնի թիմը, որ բաղկացած է երիտասարդներից և ավագ սերնդի իր խորհրդատուներից, ուզում է արժանանալ այդ ժառանգությանը և իր ներդրումն ունենալ այսօրվա հայ կինոյի զարգացման գործում: Տարեցտարի մեր համախոհներն ու աջակիցներն ավելանում են, ինչն էլ վկայությունն է նրա, որ մենք մենակ չենք և կիսում են մեզ հետ մեր անհանգստություններն ու գաղափարները»,- ամփոփելով «Սոսե 2016»-ը՝ նշել է փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը։
Անվանակարգերն ու հաղթող ֆիլմերը ստորև՝
«Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագիր
Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն սցենար՝ «Քույրե՛ր, կիսե՛ք ամեն ինչ», Գերմանիա
Լավագույն օպերատոր՝ Վալերի Մուլգաուտ (Գայթակղություն), ՌԴ
Լավագույն դերասանուհի՝ Լաուրա դե լա Ուզ (Մուգ ակնոց), Կուբա
Լավագույն դերասան՝ Ֆյոդոր Դոբրոնրավով (Գայթակղություն), ՌԴ
Լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Տյուտրյումով (Գայթակղություն), ՌԴ
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն սցենար՝ “He and She”, Գերմանիա
Լավագույն օպերատոր՝ Նիլս Ա․ Ուիթ («Իմ վերջին համերգը»), Գերմանիա
Լավագույն ռեժիսոր՝ Սելչուկ Կարա («Իմ վերջին համերգը»), Գերմանիա
Լավագույն ֆիլմ՝ «Ձմեռոտ գարուն», Եգիպտոս
Վավերագրական ֆիլմերի մրցույթ
Լավագույն օպերատոր՝ Անյա Ստրելեց, Թոմիսլավա Ջուկիչ («Ինչ-որ բան կյանքի մասին»), Խորվաթիա
Լավագույն ֆիլմ՝ «Վարագույրի հետևում», ԱՄՆ
«Անկախություն» հատուկ մրցութային ծրագիր
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն մեկնաբանություն՝ «Արդակ», Իրան
Վավերագրական ֆիլմերի մրցույթ
Լավագույն մեկնաբանություն՝ «Երեք մոմեր. Սպիներ Բալկանյան պատերազմից», Բուլղարիա
«H2O» հատուկ մրցութային ծրագիր
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն մեկնաբանություն՝ «Դեպի ծով», Թուրքիա
Վավերագրական ֆիլմերի մրցույթ
Լավագույն մեկնաբանություն՝ «Ալեծածանքի հետևանքը», Պակիստան
«Ուսանողական» մրցութային ծրագիր
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Լավագույն ուսանողական աշխատանք՝ «Հասթի», Իրան
Վավերագրական ֆիլմերի մրցույթ
Լավագույն ուսանողական աշխատանք՝ «Դրագո», Իտալիա
Մամլո հաղորդագրություն