«Որոտան». Հոկտեմբերի 2-ին կայացած Սիսիանի համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ընտրություններն աչքի ընկան ընտրողների ակտիվ մասնակցությամբ:
Ընտրատեղամասերի մոտ ժամանակ առ ժամանակ առաջանում էին կուտակումներ եւ հերթեր: Ընտրողների մի ստվար զանգվածը շտապում էր իր կատարած ընտրությամբ վերջնականապես մերժել ութ տարի Սիսիանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած եւ Սիսիանը անկման եզրին հասցրած քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, մյուս մասն ակնկալում էր փոփոխություններ եւ իր վստահության քվեն տալիս նոր թեկնածուին՝ Սիսիանն այս ծայրահեղ ծանր վիճակից հանելու հույսով:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված 3 թեկնածուների միջեւ, ինչպես եւ սպասվում էր, հիմնական ընտրապայքարը ծավալվեց գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ համայնքի ղեկավարի երիտասարդ թեկնածու Արթուր Սարգսյանի միջեւ:
Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 12124 է: Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 7651 ընտրող, ընտրողների 63,11 %-ը: Աղասի Հակոբջանյանի օգտին քվեարկվել է 3179 ընտրող: Արթուր Սարգսյանին իր վստահության քվեն է տվել 4033 ընտրող: «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Սրբուհի Գրիգորյանը ստացել է 173 քվե: 189 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Կարդացեք նաև
Թեժ ընտրապայքարում 854 ձայնի առավելությամբ Սիսիանի համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Լավրենտի Սարգսյանը:
Սիսիանն, ըստ էության, մերժեց 8 տարի համայնքի ղեկավարի աթոռը «սեփականացրած» Աղասի Հակոբջանյանին՝ հանձին նրա Սիսիան քաղաքի ղեկավարի պաշտոնից հեռացնելով ապերախտությունը, երախտամոռությունը, քցելը, ուրանալը, նենգամտությունը, դավաճանությունը, անճարությունը, մեծամտությունն ու փուչ ինքնասիրահարվածությունը:
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ