Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը հոկտեմբերի 3-ին «Հայելի» ակումբում խոսելով վերջին տարիներին գիտական աստիճանաշնորհման համակարգում կատարված փոփոխություններից, ասաց, որ գիտությունների թեկնածուի աստիճանի համար միջազգային որեւէ գիտական հանդեսում կամ ԲՈՀ-ի կողմից ընդունելի համարվող պարբերականներում տպագրված երեք հոդվածն արդեն իսկ բավարար է, մինչդեռ որոշվել է, որ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունների համար անհրաժեշտ է առնվազն վեց գիտական հոդված, այդ թվում առանց համահեղինակների` երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկ հոդված Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում և մեկ հոդված առանց համահեղինակների:
Ինչ վերաբերում է դոկտորական ատենախոսություններին, դրանց պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում: Հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում:
Ատոմ Մխիթարյանի խոսքով, ոչինչ չի փոխվել, օրինակ՝ ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, կենսաբանների համար, որովհետեւ այսպես թե այնպես նրանք միշտ էլ հրատարակվում էին որոշակի հեղինակություն եւ ազդեցության գործակից ունեցող «դրսի» ամսագրերում, սակայն այլ է պատկերը հումանիտար, սոցիալական գիտությունների պարագայում, եւ դրա համար էլ կառավարությունը գիտական աստիճանաշնորհման համակարգում փոփոխություններ նախատեսեց:
Ասուլիսին ներկա հոգեբան Սամվել Խուդոյանն էլ փաստեց, որ Հայաստանում հոգեբանական մի շարք գիտություններ զարգացած չեն, ինչպես օրինակ՝ ռազմական հոգեբանությունը, տնտեսական հոգեբանությունը, հոգելեզվաբանությունը, արվեստի հոգեբանությունը եւ այլն: Նրա ձեւակերպմամբ, այդ ոլորտներում գրանցված բացթողումները պայմանավորված են նրանով, որ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը այդ ճյուղերը ֆինանսավորվել են, իսկ դրանից հետո՝ ոչ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ