Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Արխիվային գործի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ փաստաթղթավորման մի մեծ ծավալ ավանդական կրիչներից՝ թղթային կրիչներից անցնում է դեպի էլեկտրոնային կրիչներ եւ խնդիր կա արխիվային գործի տեսանկյունից էլեկտրոնային կրիչի վրա փաստաթղթավորման սահմանման: Պետական արխիվի ֆոնդը փորձում են թվայնացնել:
ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարցրեց՝ «նախագծում գրված է՝ պահվող փաստաթղթային կրիչի պահպանման 10 տարին դարձնել 7 տարի, իսկ էլեկտրոնային կրիչի վրա պահել 3 տարի: Տրամաբանությունն եմ ուզում հասկանալ»:
Փոխնախարարը պատասխանեց, որ խոսքը ոչ թե փաստաթղթերի արխիվային ռեժիմում պահպանման մասին է, այլ՝ տվյալ հիմնարկում: Նա ասաց, որ արխիվում պահպանելը շատ ավելի ապահով է, դրա համար որքան կարճ ժամանակ թողնեն հիմնարկում՝ այնքան լավ:
Կարդացեք նաև
Տիկին Մուրադյանը նաեւ հարցրեց՝ արխիվը ինտերնետում բա՞ց է լինելու, ցանկացած մարդ կարո՞ղ է մտնել, օգտվել: Դա կարող է լինել այլ երկրի քաղաքացի, որը վտանգավոր է:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ փաստաթղթերի հանրային հասանելիությունը պետք է լինի: Դրանք կարող են օգտագործվել գիտական նպատակներով, ուսանողների կողմից եւ այլն. «Բայց, անկասկած, արխիվային պահոցները կդասակարգվեն՝ ըստ իրենց հասանելիության մակարդակի: Կարող է լինել անվտանգության խնդիրներ, ժառանգության խնդիրներ, բոլոր այդ փաստաթղթերը կդասակարգվեն: Այսօր էլ մեր արխիվի պահոցներից կարող են օգտվել, նայել որոշակի տիրույթ փաստաթղթերի, բայց կան փաստաթղթեր՝ որոշակի անձանց վերաբերող, որոնք հասանելի են միայն այդ մարդկանց՝ եթե չկա դատական որոշում»:
Նա նշեց, որ պետական կառավարման համակարգում 2009-2010-ից կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: Արխիվացվում են բոլոր հոսքերը. «Իմ համակարգչից կարելի է նայել մեր նախարարության բոլոր փաստաթղթերի շարժը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը հարցրեց՝ երբեմն քաղաքացիները դժգոհում են, որ թոշակի գնալիս ստաժի հետ կապված արխիվից փաստաթուղթ են ուզում՝ չի լինում, կորած է լինում, էլեկտրոնային արխիվացման դեպքում նման դեպքերը կբացառվե՞ն: Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Մարդիկ ինտուիտիվ ամեն ինչը պատկերացնում են, որ արխիվում կա, պետք է լինի, բայց լինում են փաստաթղթեր, որ չեն լինում՝ նույն սկզբնաղբյուրից, անպարտաճանաչ արխիվացման պատճառով: Արխիվում ինֆորմացիայի բացակայության դեպքերում ունենք իրավական կարգավորումներ»:
Վաչե Տերտերյանը նաեւ ասաց, որ 2 տարում 17 մլն փաստաթուղթ են ընդունել արխիվ եւ էլեկտրոնացրել 1 մլն-ը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ