«Գագիկն անգամ մի մրջյուն չի տրորել…եթե նա քար է գցել, որը սարքեցին «կատաստրոֆա» ու եսիմ ինչ դարձրեցին…իմ երեխան գնացել էր տեսնելու` ինչ է կատարվում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հուլիսյան դեպքերի ժամանակ Խորենացի փողոցում ոստիկանության աշխատակիցների վրա քար նետելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանի հայրը` Վարդան Միքայելյանը:
Նա տեղեկացրեց, որ հուլիսի 20-ին ոստիկանական ուժերի կիրառած պայթուցիկներից մեկն ընկել է Գագիկ Միքայելյանի ոտքի մոտ. «Դեմքի ճակատային մասը վնասվել էր, արյուն էր գալիս, վերքեր ուներ: Երկու օր անց կալանավորեցին: Նա երիկամների խնդիր ունի: 142 դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցիչ, 32 տարեկան է, 2 տարեկան երեխա ունի»,-հայտնեց Վարդան Միքայելյանը:
Մեղադրյալի հայրն «Արաբո» ջոկատի ազատամարտիկներից է, ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում նրա որդին` Գագիկ Միքայելյանը որպես կամավոր մեկնել է առաջնագիծ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ