Վերջին մեկ շաբաթում Հալեպի արեւելյան` հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով զոհված սիրիահայերի թիվը 10 է: Այս մասին այսօր «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը` շեշտելով, որ զոհերի եւ վիրավորների մասին հստակ տվյալներ չկան:
Տարբեր տվյալներով` Հալեպում այսօր մի քանի հազար հայ է մնացել: Ըստ արաբագետի` նրանց մի մասը չի ցանկանում լքել ռազմական թատերաբեմ դարձած Հալեպը. «Համարում են, որ դա իրենց տունն է, պետք է պայքարեն եւ պաշտպանեն: Մի մասն էլ հնարավորություն չունի Հալեպը լքելու»:
Հայկ Քոչարյանը նկատեց, որ ՀՀ-ի կողմից սիրիահայերին հումանիտար օգնության ցուցաբերումը կարելի է գրագետ կազմակերպել` համագործակցելով Սիրիայի կառավարական ուժերի հետ, որոնց վերահսկողության ներքո էլ գտնվում են նաեւ հայաբնակ թաղամասերը:
«Ավելի վատ իրավիճակում կարող են հայտնվել: Մեր Կառավարությունը պետք է որոշակի լուծումներ առաջարկի: Շատ բաներ արդեն պետք է արվեին, բայց բաց են թողնված: Ժամանակին ԱԳՆ-ն եւ մյուս շրջանակները փորձագիտական հանրությանը քննարկման հրավիրեցին, բայց համակարգային գործողություններ չտեսանք: Պետք է առաջարկել` այն հայերին, որոնք ուզում են դուրս գալ Հալեպից, տեղափոխել անվտանգ վայրեր` կլինի ՀՀ, թե Սիրիայի այլ շրջաններ: Պետք է տեղում աջակցել` դեսպանատուն ունենք»:
Կարդացեք նաև
Արաբագետը տեղեկացրեց, որ Հալեպ տանող ճանապարհները բաց են, դրանք հիմնականում վերահսկվում են կառավարական ուժերի կողմից. «Անվտանգության խնդիրներ կան, բայց մարդիկ կան, որոնք չեն ուզում հեռանալ, իսկ հիմնական գործողություններն ընթանում են Հալեպի արեւելյան շրջաններում: Օդային հարվածները բերելու են աղետալի իրավիճակի, քանի որ Հալեպի այդ հատվածը բավականին խիտ է բնակեցված»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ