«Սրացումն ակնհայտ է Հալեպի արեւելքում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել իրենց վերահսկողությունը»,-այսօր «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին` նշեց արաբագետ Հայկ Քոչարյանը:
Նրա դիտարկմամբ` Սիրիական հակամարտության ներկայիս փուլում ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվել նախագահ Բաշար Ասադի համար, քանի որ ԱՄՆ-ն առավելապես զբաղված է ներքին հարցերով եւ նախագահական ընտրություններով. «Այդ ընտրություններին պատրաստվելով` ԱՄՆ-ն պակաս ջանքեր է գործադրելու Սիրիական հակամարտության կարգավորման գործում: Իրավիճակից օգտվում են կառավարական ուժերը եւ Ռուսաստանը եւ իրենց դիրքերն ամրապնդում: Մինչեւ տարեվերջ ականատես ենք լինելու հակամարտության սրացումների, որոնք կբերեն կառավարական ուժերի դիրքերի ամրապնդմանը` ապագա բանակցային գործընթացում»:
Ըստ բանախոսի` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցում պատրանք են ստեղծում, թե կարող են հարցեր լուծել, սակայն կողմերի ուժային հավասարությունն այնպիսին չէ, որ որեւէ մեկը ստիպված լինի նստել բանակցային սեղանի շուրջը: Թե ինչ հունով ընթանան բանակցությունները, պարզ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ