Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահարոնյանները և մյուսները թող մտքից հանեն նման մեթոդներով մարդկանց ահաբեկելը». Տիգրան Եգորյան

Հոկտեմբեր 03,2016 16:24

Սրանք հոկտեմբերի 2-ին ՀՀ 375 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում գրանցված հիմնական խախտումներն էին:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի անդամ Արմեն Գրիգորյանը նշեց, իրենք դիտորդներ են ունեցել գրեթե բոլոր ընտրատեղամասում և ողջ օրվա մասին զեկուցել են 190 ընտրախախտման մասին. «Խախտումները համակարգային էին: Ընտրացուցակների՝ փակ լինելը շարունակում է մնալ համակարգային լուրջ խնդիր: Ընդհանուր առմամբ` հիմնական ընտրախախտումները զեկուցվել են ընտրության գործընթացի ընթացքում` մինչև ժամը 20.00: Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դրանց մեծամասնությունը գրանցվել էին ժամը 20.00-ից հետո: Համատարած էին դիտորդների աշխատանքի սահմանափակման դեպքերը, նույնիսկ Տիգրան Մուկուչյանն ինստրուկտաժ արեց տեղամասայիններին, որ թույլ չտան դիտորդներին օգտվել գրառումների մատյանից»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը թվարկեց մի շարք ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգել են իրենց դիտորդները. «Համատարած են եղել այլ անձի փոխարեն քվեարկության, դեպքերը, ցուցակների անճշտությունները, մահացած անձանց անունները ցուցակներում, ընտրակաշառքի բաժանման դեպքերը: Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ անձը եկել է քվեարկելու և չի ճանաչել իր անվան դիմաց դրված ստորագրությունը։ Այս խախտումների վերաբերյալ պետական մարմինները դեպքերի մեծամասնության ժամանակ չեն կիրառել համապատասխան լուծումներ: Այն անձանց, որոնց անվան դիմաց արդեն ստորագրված էր, նրանց հնարավորություն չէին ընձեռում ընտրել: ԿԸՀ-ի հայտարարությունները խոսում են այն մասին, որ այս հանձնաժողովը չունի որևէ անկախություն և ի սկզբանե` ունի դիրքորոշում, որ բոլոր հաղորդված խախտումներն ու կեղծիքները էական նշանակություն չունեն»:

Դառնալով Աշոտ Ահարոնյանի` «մատից ծծած ենթադրությունների ու կոչերի» մասին հայտարարությանը,  պարոն Եգորյանը վրդովվեց. «Դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության ընթացքում դիտարկումների մասին հրապարակումը, այդ թվում իրավապահներին ներկայացնելը, չի կարելի և հնարավոր չէ դիտարկել որպես սուտ մատնություն նույնիսկ, եթե վարույթ իրականացնող մարմինները չկարողանան փաստերը հաստատել կամ բացահայտել: Թող որևէ դիտորդ նման մտավախություն չունենա: Ահարոնյանները և մյուսները թող մտքից հանեն նման մեթոդներով մարդկանց ահաբեկելը»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այս առիթով նշեց. «Ոստիկանության այդ հայտարարությունը համարում եմ սպառնալիք ընտրախախտումների վերաբերյալ ահազանգում կատարողների նկատմամբ, քանի որ գիտենք` ինչ պրակտիկա է տիրում: Եթե անձը վկայություն տա ու չկարողանա ապացուցել, ապա նրա նկատմամբ սուտ մատնության հոդված են կիրառում: Մենք լավ հետևում ենք, պարոն Ահարոնյան, Քննչական կոմիտե, թե ինչ պրակտիկա է տիրում: Երբ պետք է հանցագործություն կոծկել, օգտագործվում է սուտ մատնության հոդվածը»:

Այնուհետև վրդովվեց, որ ոստիկաններն այնպես են իրենց պահում կարծես դիտորդներն ու լրագրողներն են օպերատիվ աշխատողները: Ըստ նրա` լրագրողներն էլ «ոնց որ գայիշնիկներն են վարորդների հետևից ընկած, նրանք էլ ընկած են ընտրախախտների հետևից»:

Եզրահանգումներ կատարելով` պարոն Սաքունցը հավաստիացրեց. «Բացարձակապես ոչ մի Ընտրական օրենսգիրք չի աշխատի ՀՀ-ում, եթե ընտրական խախտումներ կատարողները մնալու են անպատիժ: Թաղային հեղինակությունները և խուժանը, եթե գործելու է անպատիժ քաղաքական հեղինակության ներքո, ոչինչ չի աշխատելու»:

Արթուր Սաքունցը նաև ցավով նշեց, որ ամեն ինչ բխում է նրանից, որ ընտրախախտումը չի ընկալվում որպես պետական մակարդակով հանցագործություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31