«Գալիք ընտրություններից առաջ այս ընտրությունները հետաքրքիր փորձադաշտ էին տարբեր քաղաքական կոնֆիգուրացիաների համար, եւ հետաքրքիր հնարավորություն էին քաղաքական տեխնոլոգիաներ փորձարկելու համար»,- հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ 3-րդ քաղաքներում Հանրապետական կուսակցությունը եւ իրեն սատարող թեկնածուները ստանում են ժողովրդի վստահության քվեն:
Անդրադառնալով այլ քաղաքական ուժերին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Շատ վաղ էր դաշտից հանել, այսպես կոչված, ավանդական ընդդիմադիր կուսակցություններին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատեց իր մրցունակ քաղաքական ուժ լինելը Գյումրիում եւ կարողացավ նաեւ ապահովել սեփական ներկայացվածությունը Վանաձորում: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նույնպես շատերի համար անսպասելի հաջողություն գրանցեց՝ 2 քաղաքներում գրավելով 3-րդ տեղը»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ ողջունելի է քաղաքականության մեջ նոր խաղացողների ի հայտ գալը: Սակայն, նա համարում է, որ այդ կուսակցությունների հաջողությունը ամբողջ հանրապետության մասշտաբով չէ:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հաջողությունը պետք է դինամիկայի մեջ նայել, քանի որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը 1000 ձայն ավել է հավաքել, քան կուսակցությունը կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Այնուհանդերձ, ակնհայտ է, որ ե՛ւ ԳԱԼԱ-ի, ե՛ւ «Լուսավոր Հայաստանի» հաջողությունները այս փուլում լոկալ են: Եթե Գյումրիում «Լուսավոր Հայաստանը» հաղթեր եւ ունենար նաեւ խմբակցություն, իսկ Վանաձորում ԳԱԼԱ-ն առաջադրվեր եւ էլի խմբակցություն ունենար, այդ ժամանակ կկարողանայինք փաստել, որ տվյալ կուսակցությունների քաղաքական հեռանկարը ավելին է, քան տարածաշրջանայինը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ