Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարդանովը ՊՆ նախարարի մասին. «Բանակի հետ որեւէ առնչություն չի ունեցել»

Հոկտեմբեր 03,2016 16:12

Այսօր պաշտպանության նախարար նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանի կրթությունը, ինչպես նշված է կառավարության կայքէջում, ռազմական չէ: Պարոն Սարգսյանի կրթությունը՝ 1992-1996թթ Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիա (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)` Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում, մասնագիտացում` անձնակազմի կառավարում
1992-1999թթ.- Երևանի պետական համալսարան՝ դիվանագիտության պատմություն, միջազգային հարաբերություններ, մագիստրոսի աստիճան
1998-2000թթ.- Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս և Հարվարդի համալսարաններ (Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ)` Իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս:

Պարոն Սարգսյանը զինված ուժերում ծառայել է 2000-2003 թվականներին պաշտպանության նախարարությունում որպես նախարարի ռեֆերենտ:

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն Aravot.am-ի հետ զրույցում Վիգեն Սարգսյանի նշանակման մասին ասաց՝ «Ես լարվածություն եմ զգում»:

Վովա Վարդանով

Վովա Վարդանով

Արդյոք կարեւո՞ր է ռազմական կրթություն ունենալը Հայաստանի նման պատերազմող երկրում պաշտպանության նախարարության ղեկավար լինելու համար, մեր այս հարցին ի պատասխան Վովա Վարդանովն ասաց. «Ռազմական կրթությունը երեւի կարեւոր է, բայց այնքան ճակատագրական չէ, որովհետեւ մենք ունեցել ենք պաշտպանության նախարարներ, որոնք ուղղակի մեծ զորամիավորումներ կամ ջոկատային միավորումներ ղեկավարելով՝ ռազմավարության բավականին մեծ փորձ են ունեցել: Խոսքը Վազգեն Սարգսյանի մասին է, Սերժ Սարգսյանի մասին է, որը 1993 –ին նշանակվեց, Ղարաբաղից եկավ: Նրանք փորձ ունեին, լավ-վատ, ռազմական մեծ կառույցներ ղեկավարելու փորձ ունեին»:

Վովա Վարդանովը հիշեցրեց նաեւ ռազմական կրթությամբ մեկ այլ նախարարի. «Կարող ենք օրինակ բերել մեկին, որը ռազմական կրթություն ունենալով ՊՆ նախարար եկավ, բայց ոչ թե մեծ զորամիավորումներ, այլ ընդհանրապես զորամիավորումներ չէր ղեկավարել, ուղղակի մեր ներկայացուցիչն էր Ռուսաստանում, ու ոչ մի ձեւով աչքի չընկավ իր ակադեմիական կրթությունով: Մեծ փորձը, հաճախ, ավելի մեծ դեր է խաղում, քան կրթությունը»:

Պարոն Վարդանովի խոսքերով՝ «Վիգեն Սարգսյանի դեպքում ես լարվածություն եմ զգում: Ասեմ ինչն է ինձ լարում, նա բանակում ծառայել է այսպես ասած՝ կաբինետային աշխատող, բացի դրանից, բանակի հետ որեւէ առնչություն չի ունեցել: Մեր ղեկավարությունը հիմա մի տեսակ մոտեցումներ է դրսեւորում ուժային կառույցների նկատմամբ՝ մեկ ուրիշ կաբինետային աշխատողն էլ Ազգային անվտանգությունում է, այս մյուս կաբինետային աշխատողը Պն-ում: Ինքը կարող է հազար անգամ ավելի լավը լինի, քան իր նախորդները, մի բան էլ բոլորն իրար միացրած, ավելի լավը լինի, բայց ինքը մինչեւ մտնի այդ առանձնահատկությունների մեջ, զորամիավորումներ ղեկավարել եւ այլն, տարիներ կանցնեն: Կարող է ընտիր ղեկավար է, բայց տարիներ կանցնեն՝ մինչեւ ինքը հասկանա, թե ինչ է ղեկավարում, ու այդ տարիները կկորցնենք:

Իր նշանակումն ինձ այնքան էլ դուր չի գալիս, էլի եմ կրկնում, գուցե ինքն ավելի լավը լինի, քան բոլոր նախորդները, բայց միայն այն, որ ինքը երկար ժամանակ պիտի մտնի այդ գործընթացի մեջ, այդ մեծ զորամիավորումներ ղեկավարելը, իսկ Հայաստանի Հանրապետության բանակը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակը, բավականանին մեծ զորամիավորումներ են, այդպիսի զորամիավորում Ռուսաստանը Կովկասում երեւի չունի: Դրա համար այս նշանակումը ինձ լուրջ լարվածության մեջ է պահում: Գոնե ինքը պատգամավոր լիներ եւ պաշտպանության հանձնաժողովի (ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով. Ն.Բ. ) ղեկավար լիներ, որ ի պաշտոնե, եթե չղեկավարեր զինված կառույցները, զորամիավորումները, պաշտպանական համակարգին գոնե օրենսդրությամբ ծանոթ լիներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31