«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ պաշտոնապես առաջարկեց ԲՀԿ-ին, «Հայկական վերածնունդ» քաղաքական ուժերին «Լուսավոր Հայաստանի» հետ ձեւավորել կոալիցիա, միասին ընտրել քաղաքապետ:
«Կոալիցիայի արդյունքում կարող ենք ընտրել քաղաքապետ ու ձեւավորել տեղական իշխանություն: Ձեւավորում ենք գործընկերային տեղական իշխանություն ու սկսում ենք Վանաձորի համաչափ զարգացման ռազմավարությունը, փուլ առ փուլ քաղաքը հանենք այս վիճակից, ոչ թե քաղաքի կառավարումը թողնենք մարդկանց, որոնք դպրոցի պատուհաններ են ջարդում»,- քիչ առաջ Վանաձորում ասուլիսի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» ՀՀԿ-ից հետո երկրորդ ուժն է ձայների մեծամասնությամբ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին մոտ տասնմեկ հազար ընտրող է քվեարկել, անկախ այդ չափի ձայնից, ստացել ենք վանաձորցիների փոփոխությունների ցանկությունը ու վանաձորցիների աջակցությունը»,- հավելեց պարոն Մարուքյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, բարդ ընտրությունների արդյունքում բարձր տոկոսներ հավաքելը լուրջ արձանագրում ու ձեռքբերում է. «Առաջին հերթին` մենք Վանաձորում կասեցրել ենք ՀՀԿ-ի հաղթանակը: ՀՀԿ-ն Վանաձորում չի հաղթել, ստացել են մոտ 38 տոկոս ձայն, իսկ «Լուսավոր Հայաստանը» տասը տոկոսով պակաս ձայն, եթե այդ տասը տոկոսի մեջ ներառենք մարզի ռեսուրսը՝ մարզպետարան, քաղաքապետարան, էլեկտրական ցանցեր, տեղական մակարդակում եղած մեծահարուստներ ու այդ ամենը գումարենք, ընդամենը տասը տոկոս է տարբերությունը:
Վանաձորում ընտրողների 60 տոկոսն իր ձայնը չի ուղղել ՀՀԿ-ին, երեսունյոթ տոկոս ձայն ուներ ՀՀԿ-ն, իսկ եթե հաշվի առնենք փող բաժանելը, կարուսելը, «Լուսավոր Հայաստանը» ջախջախիչ հաղթանակ է տարել»:
Պարոն Մարուքյանը պատմեց, որ թիվ վեց դպրոցում ձայների հաշվարկի ժամանակ, երբ պարզվեց, որ «Լուսավոր Հայաստանը» ջախջախիչ հաղթանակ է տարել, դպրոցի պատուհանները կոտրվել են. «Այսօր հնարավորություն ունենք թույլ չտալ՝ կարուսել կազմակերպած, փող բաժանած անձանց Վանաձորը կառավարել»:
Ըստ նրա, ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացել է 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»` 10 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ, ԲՀԿ-ն 3 մանդատ. «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեն տասնհինգ մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ