Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բալասանյանը պարտվել է, ինչպե՞ս կարող է բոնուսով քաղաքապետ դառնալ»․քաղաքագետ

Հոկտեմբեր 03,2016 15:42

Չնայած իշխանական շրջանակներում տոնում են Սամվել Բալասանյանի հաղթանակը՝ նշելով, որ նա բոնուս ստանալով միանգամից անցնում է քաղաքապետ՝ մյուս քաղաքական ուժերի հույսին չմնալով, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը պնդում է, որ Սամվել Բալասանյանը պարտվել է, և եթե անգամ նրան օրենքով սահմանված կարգով բոնուս տան, միևնույնն է՝ նա այս պարագայում իրավունք չի ունենա միանգամից դառնալ քաղաքապետ․ 10 տոկոս բոնուս ստանում է այն քաղաքական ուժը, որը ընտրություններում հավաքել է ձայների 40 տոկոսը։

«Գյումրու բնակչության 65 տոկոսը դեմ է քվեարկել Սամվել Բալասանյանին, եթե նույնիսկ մենք համարենք, որ Սամվել Բալասանյանի ստեղծած «Գյումրեցի ոգի» պրոյեկտը 5,7 տոկոս է հավաքել, ինքը ընդամենը կունենա մոտ 41 տոկոս, այսինքն` գյումրեցիների 59 տոկոսը բացասական է գնահատել Սամվել Բալասանյանի գործունեությունը, ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ նա արդեն քաղաքապետ է։ Այս պահի դրությամբ ավագանու կազմում 15 ձայն կունենա Սամվել Բալասանյանը, 9 ձայն՝ ԲՀԿ-ն, 5 ձայն՝ Հովհաննես Մարգարյանի «Հայկական վերածնունդը», 4 ձայն՝ ԳԱԼԱ-ն։ Այսինքն 3 ուժը իրար հետ կունենան 18 ավագանու անդամ, Բալասանյանը իր հավաքած ձայներով ունի 15 ավագանու անդամ, ես սա ասում եմ բոլոր բոնուսները հաշվի առնելով, հանելով ու գումարելով այն բոլոր կուսակցությունների տոկոսները, որոնք չեն անցել ավագանի։

Իշխանամետ ուժերը մտածում են, քանի որ պարոն Բալասանյանին տվել են 5 տոկոս բոնուս, որը գոյացել է չանցած կուսակցությունների ձայների վերահաշվարկի շնորհիվ և նրա ձայները հասել են 40 տոկոսի, ուրեմն պարոն Բալասանյանին պիտի տան նաև 10 տոկոսը, հաշվի չեն առել, որ Սամվել Բալասանյանը 40 տոկոսը հավաքել է բոնուսով։ Նա ոչ թե հավաքել է ընտրության շնորհիվ, այլ հավաքել է բոնուսով, հետևաբար և իրավունք չունեն այդ նվերը նրան տալու․ 10 տոկոսը տալիս են այն քաղաքական ուժին, որն իրական պայքարում կհավաքի 40 տոկոս, ոչ թե բոնուսի արդյունքում կհավաքի։ Այս պարագայում եթե Սամվել Բալասանյանին 10 տոկոս բոնուս տվեցին, կստացվի, որ նա ընդամենը 34.64 տոկոս ձայն հավաքելով, կդառնա Գյումրու քաղաքապետ՝ իշխանություններից ստանալով նվեր 15 տոկոս, թող ասեն որտե՞ղ է սա գրված։ Օրենսգրքում սևը սպիտակի վրա գրված է ՝10 տոկոս ձայն տալիս են այն կուսակցությանը և այն կուսակցությունների դաշինքներին, որոնք ընտրությունների ժամանակ հավաքում են 40 տոկոս, այսինքն` մարդկանց շնորհիվ են հավաքում 40 տոկոս, ոչ թե բոնուսների շնորհիվ։

Մարդ, որը հավաքել է Գյումրու ընտրողների ձայների 34.64 տոկոսը, ինչպե՞ս կարող է իրեն համարել հաղթանակած ու իրեն տան միանձնյա քաղաքը ղեկավարելու իրավունք։ Եթե քաղաքի բնակչության 65 տոկոսը իրեն դեմ է քվեարկել, ինքը ինչպե՞ս կարող է լինել 100 տոկոսանոց քաղաքապետ ու միանձնյա քաղաքի ղեկավար։

Ես Սամվել Բալասանյանին դեմ չեմ բացարձակապես, բայց ինձ հետաքրքրում է, թե 35 տոկոս ձայն ստացած մարդը ինչպես պիտի ասի՝ ես եմ քաղաքապետն ու վերջ։ Սա խնդրահարույց հարց է»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքով «Բալասանյան դաշինքը» հավաքել է 34.64 տոկոս (14 987 ձայն), երկրորդ տեղում ԲՀԿ- ն է՝ 21.70 տոկոսով (9 344 ձայն), երրորդ տեղում ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կուսակցությունն է՝ «Հայկական վերածնունդը»՝ 14.15 տոկոսով ( 4 578 ձայն), 4-րդ տեղում ԳԱԼԱ-ն՝ 10.49-ով (4 517 ձայն)։ Ավագանու կազմում չեն ընդգրկվել «Գյումրեցու ոգին», որը հավաքել է 5.74 (2 475 ձայն), Վարդան Օսկանյանի կուսակցությունը՝«Համախմբումը», որը ստացել է 5.77 տոկոս (2 469 ձայն), ավագանու կազմից դուրս մնաց նաև Շիրակի մարզպետի կուսակցությունը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որը հավաքեց 5.36 տոկոս(2 313 ձայն)։

Հետաքրքիրն այն է , որ Գյումրիում նորաստեղծ «Գործարար» կուսակցությունն ավելի շատ ձայներ ունի, քան «Հայ ազգային կոնգրեսը»։ «Գործարարը» ստացել է 1.32 տոկոս( 556 ձայն), «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1.09 (471 ձայն), Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ևս պարտություն կրեց՝ ստանալով 1.49 տոկոս (638 ձայն), իսկ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» ստացավ 1.78 տոկոս (774 ձայն)։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լև says:

    Իսկ ինչու եք զարմանում:Ղումարբազների երկիր է Հայաստանը:Միայն կազինոյում է,որ բոնուսը բոնուս է տալիս:Բալասանյանը այդպես էլ հաղթեց:Բայց ամենալավ բանը որ եղավ՝դրա բոլոր ծրագրերի ձախողումն էր՝Ալյանսից-Գյումրեցու Ոգի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31