«Ինչպես սեպտեմբերի 18-ին, այնպես էլ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրությունները փաստեցին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մնում է քաղաքական համակարգի առաջատարը»,- հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այդ գնահատականը վիճակագրական է եւ ամբողջությամբ հիմնված է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա. «Հոկտեմբերի 2-ի ընտրություններում մենք ունեինք 292 խոշորացված համայնք, որտեղ տեղի էին ունենում ընտրություններ: 292 խոշորացված համայնքներում Հանրապետական կուսակցությունը միայն իր անդամներով հաղթանակ է տարել համայնքների 60-ից ավելի տոկոսում՝ 176 համայնքում: Եղել են տասնյակ համայնքներ, որտեղ մենք առաջադրել ենք եւ սատարել ենք անկուսակցականների: Այս վիճակագրության մեջ անկուսակցականները չեն մտնում, թեպետ նրանց մի մասը վայելել է ՀՀԿ առաջադրումը եւ աջակցությունը»:
Արմեն Աշոտյանի խոսքերով՝ Հանրապետական կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքում պահպանել է իր ղեկավար դերը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում. «Ուզում եմ փաստել, որ սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ընտրությունները միասին ոչ միայն քաղաքական արդյունքների տեսանկյունից, այլ նաեւ քաղաքական մշակույթի տեսանկյունից մեծ հույս են տալիս, որ իրականում բոլոր խնդիրներով հանդերձ, որոնք, ցավոք, ուղեկցում են մեր տարբեր տիպի ընտրությունները, աներկբա է, որ այս ընտրությունները որակապես շատ ավելի բարվոք են: Այս ընտրությունները իրականության մեջ եղել են քաղաքական մշակույթի նոր ձեւերի դրսեւորման ընտրություններ՝ խոսքը ե՛ւ քարոզարշավի մասին է, ե՛ւ ընտրական գործընթացի մասին, ե՛ւ հուսով եմ, նաեւ հետընտրական զարգացումների մասին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ