Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 19 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու խստորեն հետևել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, խոտհնձի և ծառերի ձևավորման ու խնամքի աշխատանքները:
Ըստ ժամանակացույցի` ընթացքի մեջ են նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառատեսակների էտման ու կտրման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ համագործակցելով համապատասխան մասնագետների և շահագրգիռ կառույցների հետ:
Կարդացեք նաև
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ վերահսկվում է շինհրապարակների պատշաճ կազմակերպման պահանջի կատարումը:
Քաղաքապետը հանձնարարել է սահմանված ժամկետում ավարտել ծրագիրը` առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով իրականացվող աշխատանքների որակի ապահովումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն