Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք դերասան. «Ուզում եմ ներկայացմամբ քավել նախնիներիս մեղքը»

Հոկտեմբեր 03,2016 15:58

Հոկտեմբերի 3-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացած ասուլիսի թեման էր «Հայֆեստ» փառատոնի շրջանակում Երևանում նույն երեկոյան ցուցադրվելիք՝ կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանի «Հոգիների աճուրդ» ներկայացումը, որը պատմում է Հայոց ցեղասպանություն վերապրած-ականատես Ավրորա Մարտիկանյանի ճակատագրի մասին:

Արսինե Խանջյանը խոսելով իր ներկայացման մասին՝ հիշեցրեց, որ Մարտիկանյանի պատմությունը հոլիվուդյան ֆիլմի էր վերածված, ասում է՝ ինքն էլ ցանկություն ունեցավ հավերժացնել նրա հիշատակը: Կանադահայ արվեստագետը նշեց, որ նախագծի նյութը հենց Մարտիկանյանի կյանքն ու գործունեությունն է եւ այն, թե ինչպես է մեկ վերապրողի պատմությունը դարձել ողջ հայ ժողովրդի ճակատագրի պատմությունը:

Արսինե Խանջյանը դրվատանքով խոսեց Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնի ծագումով թուրքր գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆի մասին, որը խրախուսել է նման թեմայով նախագիծ անել, նաեւ 2015թ. 45 օր շարունակ թատրոնի տարածքը տրամադրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ասուլիսի ժամանակ խոսեցին նաեւ Մաքսիմ Գորկու թատրոնի դերասանները:

arsine2

Նրանք ասացին, որ իրենց համար պատիվ է մաս կազմել նման նախագծի, որը ստեղծվել է երեք շաբաթվա մեջ՝ Գերմանիայում: Տիկին Խանջյանը հավելեց, որ իր համոզմամբ՝ տարիներ շարունակ Ավրորա Մարտիկանյանը մեր ցեղասպանության նման երկար ժամանակ մոռացված է եղել, եւ հիմա ինքը ուրախ է վեր հանել այդ պատմությունը՝ օգտագործելով Զորյան հիմնարկի արխիվային նյութերը:

Իմիջիայլոց, Էլմիրա Վահրամին է մարմնավորել Ավրորային:

Գերմանիայում ծնված թուրք դերասան Թաներ Շահին Թյուրքը ասում է, որ իր համար մեծ պատիվ է խաղալ այս ներկայացման մեջ եւ ինչ-որ ձեւով պատասխան տալ իր նախնիների կատարած ոճրագործության համար: Հավելեց, որ ոչ մի բացասական վերաբերմունք չի եղել ներկայացման մեջ իր դերակատարման հետ կապված, անգամ որոշ թուրքեր գովել են իր դերակատարումը:

Ասուլիսի ավարտին Թաներ Շահին Թյուրքը շնորհակալություն հայտնեց նաեւ «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանին` ներկայացումը հյուրընկալելու համար: Նշեց, որ իրեն բախտ է վիճակվել այցելել Հայոց ցեղասպանության թանգարան եւ բառեր չի գտնում արտահայտելու զգացածը: Նա հույս հայտնեց, որ մի օր էլ ներկայացումը գուցե բեմադրվի Թուրքիայում:

Մաքսիմ Գորկի թատրոնի դերասանները նշեցին, որ Գերմանիան եւս պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31