Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության սերունդը ներկայացրեց բժշկության ապագայի իր տեսլականը

Հոկտեմբեր 03,2016 13:40

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագրով 3-րդ տարեկան միջազգային գիտաժողովը՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունելով` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց, որ բազմաբնույթ մասնագիտական հարցերից զատ երիտասարդ բժիշկների համար օրակարգային են բժշկական ծառայությունների որակի մշտական բարելավման, բուժաշխատողների մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման հարցերը։

Գիտաժողովի շրջանակներում հիմնական շեշտադրմամբ ներկայացվեցին 25-ամյա անկախ պետականություն ունեցող ազգային առողջապահության համակարգի ձեռքբերումները և միջգիտակարգային մոտեցմամբ քննարկվեց ոլորտի զարգացման նոր տեսլականը:

Կարևորելով հիվանդությունների բուժման միջգիտակարգային մոտեցումը, գիտաժողովը կազմակերպվել էր Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի, Ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի, Գինեկոլոգների հայկական ասոցիացիայի, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի մասնակցությամբ:

Գիտաժողովի առաջին օրը պլենար նիստի ընթացքում քննարկվեցին առողջապահության կազմակերպման և հանրային առողջապահության արդի մարտահրավերները, ոլորտի զարգացման նոր հայեցակարգը, իսկ ԱՄՆ-ից հրավիրված առողջապահության ֆինանսավորման մասնագետը ներկայացրեց առողջապահության ֆինանսավորման ԱՄՆ մոդելը:

Գիտաժողովի երկրորդ մասը նվիրված էր նեղ մասնագիտական բաժինների քննարկումներին, որի ընթացքում ուռուցքաբանության, ներքին հիվանդությունների, մանկաբարձության և գինեկոլոգիայի, տղամարդու վերարտադրողական առողջության, պլաստիկ վիրաբուժության, էսթետիկայի և մաշկաբանության, ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության, ինչպես նաև ճառագայթային ախտորոշման նորագույն մեթոդների և բուժման նոր մոտեցումների մասին զեկուցումներով հանդես եկան ինչպես ոլորտի անվանի մասնագետները, այնպես էլ երիտասարդ՝ անկախության սերունդը:

Գիտաժողովի շրջանակում անցկացվեց նաև կլինիկական օրդինատորների կողմից կլինիկական դեպքերի ներկայացման մրցույթ` «Ես եմ անկախության սերունդը» խորագրով: Ներկայացվեցին 10 կլինիկական դեպքեր: Մրցույթի արդյունքները մասնագիտական հանձնաժողովն ամփոփեց գիտաժողովի 2-րդ օրը՝ համապատասխանաբար որոշելով հաղթողին:

Գիտաժողովն առանձնահատուկ էր հատկապես իր ընդգրկունությամբ. ներկա էին բազմափորձ բժիշկներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերից և արտասահմանից:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31