Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում Հռոմի Պապը կոչ է արել Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ ճանապարհով». Արման Նավասարդյան

Հոկտեմբեր 03,2016 14:13

«Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Կովկաս կրոնական եւ քաղաքական առումներով կարեւոր երեւույթ է, որը մտնում է Վատիկանի արտաքին քաղաքական ծրագրերի մեջ եւ պայմանավորված է տարածաշրջանի լարված իրավիճակով»,-կարծում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում խոսելով Հռոմի Պապի` Վրաստան եւ Ադրբեջան կատարած այցերի մասին, նա նկատեց, որ Վրաստանի իշխանությունները շատ են կարեւորում այդ այցը` նկատի ունենալով Վրաստանի միջազգային հեղինակության բարձրացման հարցը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Արման Նավասարդյանը մատնանշեց Հռոմի Պապի այն հայտարարությունը, թե միջկրոնական հարաբերությունների ամրացման խնդիր կա. «Էկումենիկ բառն արտահայտում է քրիստոնեական եկեղեցիների միավորման գաղափարը, մինչդեռ ի՞նչ քրիստոնեական եկեղեցիներ կարող են գոյություն ունենալ Ադրբեջանում, որը մուսուլմանական երկիր է` չհաշված կաթոլիկ փոքր եկեղեցու առկայությունը: Ադրբեջանի համար կարեւոր էր այդ այցը` հեղինակության բարձրացման հարց կա, բայց նրանք հանդես են գալիս այն դիրքերից, թե այդ այցով Պապը հրաժարվում է Եղեռնը ճանաչելուց: Սա իհարկե անտրամաբանական է»:

Բանախոսը նշեց, որ Ալիեւը մեկ տարուց ավելի բանակցություններ էր վարում, որ Հռոմի պապն այցելի Խոջալուի զոհերի հուշարձան, բայց Պապը նման քայլի չգնաց: Ընդհանուր առմամբ, ըստ Արման Նավասարդյանի, Պապի ադրբեջանյան այցում բացասական միտումներ չկան. «Վատիկանը մնում է ՀՀ-ի մեծ բարեկամը: Պապը մեծ քաղաքական գործիչ է եւ հոգեւորական»:

Դիվանագետը նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, որոնց նախագահները դիմավորեցին Հռոմի Պապին, Ադրբեջանում դա արեցին փոխվարչապետն ու փոխարտգործնախարարը. «Ալիեւը լինելով խորամանկ քաղաքական գործիչ` այդ քայլով ժեստ է կատարել մուսուլմանական աշխարհի համար` ասելով` նա եկել է որպես հյուր, բայց մենք նրան չենք դիմավորում այն մակարդակով, որով դիմավորել են հարեւան պետությունները»:

Արման Նավասարդյանն ընդգծեց նաեւ Պապի ադրբեջանյան այցի կարգախոսը` «Մենք բոլորս եղբայրներ ենք». «Նա խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից: Նա բարձրացրել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ խաղաղության բարձրացման գաղափարը: Պատմել է, թե Հայաստանում ինչ ելույթներ է ունեցել: Սա ոչ թե կրոնական այց է, այլ լուրջ քաղաքական քայլ: Համոզված եմ, որ փակ խոսակցության ժամանակ նա կոչ արած կլինի լուծել Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31