ՏԻՄ ընտրություններում լցոնումների դեպքերի մասին փաստեր առ այս պահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չունի: Իր դիտարկմամբ, ընտրությունների արդյունքները ձեւավորվել են այսպես`քաղաքացին եկել է տեղամաս, քվեարկել է, քվեաթերթիկը գցել է արկղը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դեռ չի հասցրել ամփոփել ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Այդ արդյունքներով, հիշեցնենք, ամենավատ արդյունքները գրանցել է ՀԱԿ-ը, ապա` «Քաղաքացիական պայմանագիրը»:
Սրանով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում միակ ընդդիմադիրը լինելու հավակնություններից: Լրագրողներից մեկի հարցին`չի՞ կարծում, որ ընդդիմությունը պարտվեց, քանի որ չկարողացավ միավորվել եւ համատեղ պայքարել իշխանության դեմ, նա ասաց, որ ինքը ընդդիմադիրներից 95 տոկոսի հետ չի համագործակցել եւ չի համագործակցի`իր համոզմունքներից ելնելով: Իսկ մնացյալը, եթե ցանկանում են հաղթել, պետք է միավորվեն մեկ ինստիտուցիոնալ ընդդիմության մեջ:
Նիկոլ Փաշինյանը ընտրակաշառքների մասին էլ է ձեռնպահ մնում հայտարարություններ անել, քանի որ չկա մի հոգի, որը համաձայն է իրենից հետո կանգնել տեսախցիկների առաջ եւ ասել, որ իրեն առաջարկել են. «Այդ ժանրի խոսակցությունն ինձ համար ընդունելի չէ»:
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը եկել է այն համոզման, որ անշահախնդիր քաղաքականությամբ հետաքրքրվածների քանակը շատ քիչ է. «Եթե մարդը քաղաքականությամբ հետաքրքրված է, որեւէ քաղաքական ուժի, գործչի հետ համագործակցելու պրոցեսում նա շատ կոնկրետ խնդիր ունի լուծելու. ակնկալում է, որ իր աշխատանքի հարցը կլուծվի, իր ուսման վարձի հարցը կլուծվի, իր բիզնեսին տանիք լինելու հարցը կլուծվի եւ այլն»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ