Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց. Կադրային նոր փոփոխություններ

Հոկտեմբեր 03,2016 13:10

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար: Նախագահի այլ հրամանագրերով Յուրի Խաչատուրովը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Հանրապետության Նախագահն այսօր Նախագահի աշխատակազմի ղեկավար կազմին ներկայացրել է աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանին և տեղեկացրել Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակելու մասին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Սարգսյանին արդեն նախկին պաշտոնում կատարած աշխատանքի համար և անկեղծորեն ուզում եմ ասել, որ այդ պաշտոնում դրսևորվել են Վիգեն Սարգսյանի կազմակերպչական ունակությունները, դրսևորվել են լավագույն տեսակետից և որևէ մեկը չի կարող ժխտել, որ այդ լավագույն դրսևորումը եղել է ձեր բոլորի անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը բարձր է գնահատել նաև Վիգեն Սարգսյանի աշխատանքը անցած տարիներին համապետական նշանակության մի շարք կարևոր միջոցառումների համակարգողի պաշտոնում և վստահություն հայտնել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում ևս նա կարողանալու է արդարացնել բոլորի վստահությունը:           «Վիգե՛ն, մեկ անգամ ևս շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում: Ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով են նաև պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը և, իհարկե, պաշտպանունակության հետագա ամրապնդումը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման կապակցությամբ Հանրապետության Նախագահը նշել է, որ Արմեն Գևորգյանը ինչպես նախկին պաշտոնում, նոր աշխատանքում ևս, վստահաբար, կդրսևորի իր կամային հատկանիշները: «Արմեն Գևորգյանը կարողանալու է մի աստիճան ևս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը և ընդհանրապես, մեր պետությունը: Արմե՛ն, շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Նախագահը:

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ իր գործունեության վերջին հինգ տարիներին աշխատակազմի աշխատանքի կազմակերպման և համակարգման գործում ցուցաբերած մեծ վստահության համար: Նա նշել է, որ աշխատակազմի արհեստավարժ և նվիրված գործընկերների՝ միասնական թիմի հետ անցած տարիներին բավականին աշխատանք է իրականացվել: «Կարողացել ենք այս տարիներին համակարգել և կանոնակարգել, որոշ դեպքերում նույնիսկ ավտոմատացնել կառավարման այն գործընթացները, որոնք կապված են Հանրապետության Նախագահի գործառույթների իրականացման հետ՝ լինեն դրանք քաղաքացիության խնդիրներ, կադրերի կառավարման խնդիրներ, թե հարցեր, որ վերաբերում են արտաքին այցերի կազմակերպմանը կամ պատվիրակությունների ընդունելությանը: Ձեր որոշմամբ այս աշխատակազմ վերադառնում է պարոն Գևորգյանը, որի ժամանակ իրականում մեծ հիմք է դրվել այն աշխատանքի, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև թիմի մեծ մասը, այնուամենայնիվ, պահպանված է, ինչպես և պետք է լինի քաղծառայության մեջ: Իրոք, կարծում եմ, որ սա փայլուն դրսևորում է նրա, թե ինչպես քաղծառայության ընձեռած երաշխիքները կարող են համադրվել քաղաքական այն նվիրվածության հետ աշխատակազմում, որը միշտ պետք է դրսևորվի բոլոր ներկաների կողմից: Եվ թեև այստեղ կա հայեցողական պաշտոնյաների ու քաղծառայողների մեծ խումբ, մենք միշտ աշխատել ենք որպես մեկ թիմ՝ մեկ նպատակի ծառայելով»,-նշել է ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին վստահության համար և հավաստիացրել, որ լիովին գիտակցում է առաջիկա անելիքների և՛ կարևորությունը, և՛ նշանակությունը մեր պետության զարգացման, առաջընթացի, կայունության համար, որովհետև բավականին պատասխանատու ժամանակահատված ենք թևակոխում: «Վստահեցնում եմ, որ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ինստիտուտի դերն ու նշանակությունը միշտ բարձր լինի, և բոլորը դա զգան: Ուզում եմ նաև, Ձեր թույլտվությամբ, վստահեցնել պարոն Վիգեն Սարգսյանին, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ինքն արդեն նոր տեղում մեր աջակցությունն ու օժանդակությունն ամենօրյա ռեժիմում զգա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այսօր այստեղ ներկա գտնվող իմ գործընկերներին, որ այսքան տարիների ընթացքում բավականին բարձր մակարդակով և որակով աշխատանք են կատարել: Հուսով եմ, որ մենք համատեղ այդ ամենը կշարունակենք՝ բոլոր բարի ավանդույթները պահպանելով: Եվ ինչպես Դուք նշեցիք, պարոն Նախագահ, կփորձենք ամեն ինչ անել ևս մեկ աստիճան այդ ամենը բարձրացնելու և Ձեր վստահությունն արդարացնելու համար: Շնորհակալ եմ և հուսով եմ, որ բոլորս միասին դեռ բավականին հետաքրքիր և արդյունավետ ճանապարհ ունենք անցնելու»,-ասել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31