Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյա՛ն, դուք պետք է կանչվեք պատասխանատվության». Փոստանջյանն ու Սեյրան Սարոյանի կատակը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2016 13:05

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է մահացած զինծառայողների գործերը քննելու, բացահայտելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Այդ նախագիծը Պետաիրավական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն չէր ստացել: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մինչ քվեարկությունը հարցրեց՝ քաղաքական մեծամասնությունն ի՞նչ տեսակետ ունի այդ հարցի վերաբերյալ: Նա պատասխանեց. «Կարծում եմ, ոչ միայն ես, այլեւ մեր ամբողջ հանրությունն այդ խնդրի համար իր վճռական դերն ունի: Ես այդ գործն անձամբ քննարկել եմ տարբեր մասնագետների հետ: Այս պահին, կարծում եմ, ոչ լրիվ ճշմարտացի մոտեցումներ կան ամբողջական նախագծում: Յուրաքանչյուրս մեր քվեարկությամբ կփորձենք ձեր ասած հարցը լուծել կամ չլուծել: Առավել եւս, ԱԺ-ն այն հաստատությունը չէ, որով պիտի կարողանաս այն խնդիրները, որոնք կապված չեն սահմանադրորեն ԱԺ-ից, պիտի լուծում տան: Ես բոլոր մարդկանց հետ հանդիպել եմ, մարդիկ ասում են, որ սա էսպես է, այսինքն, ԱԺ-ն այդտեղ որեւէ խնդիր չունի անելու»:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց. «Պարոն Սահակյան, դուք նախ այդ հարցումները, որ կատարել եք, ձեր արած հարցումները չեն բավարարել սպանված զինծառայողների ծնողներին: Նրանք պնդում են, որ ժամանակավոր հանձնաժողովը գործի եւ եզրակացություն ներկայացնի ԱԺ-ին՝ բացթողումների եւ խնդիրների վերաբերյալ: Անհրաժեշտ է այդ հանձնաժողովը, ես կցանկանայի, որ ձեր գործընկերներին հորդորեիք, որ կողմ քվեարկեին: Մեր երեխաների սպանությունների վերաբերյալ գոնե այս ԱԺ-ն կօգներ, որ հարցը ստանար լուծում: Մինչդեռ դուք խուսափում եք»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Քվեարկությամբ յուրաքանչյուրս մեր դիրքորոշումը կարտահայտի»:

Տիկին Փոստանջյանն էլ պատգամավորներին հայտարարեց. «5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները մոտենում են ավարտին: Այս ԱԺ-ի պարտականությունների մեջ էր մտնում, որ քննարկման առարկա դառնար իմ կողմից ներկայացված երկու նախագիծ: Մեկը վերաբերում էր հանրահայտ մարզպետ պարոն Սուրիկ Խաչատրյանին, երկրորդը՝ ժողովրդի ապստամբության իրավունքին: Այս երկու հայտարարությունների նախագծերը պարոն Գալուստ Սահակյանը մերժել է դնել շրջանառության մեջ՝ օգտագործելով իր ապօրինի կամայական հնարավորությունները: Դրա համար պարոն Գալուստ Սահակյանը պետք է պատասխանատվության կանչվի: Միգուցե մեր դատական համակարգը դեռ ադեկվատ չէ, բայց այնուամենայնիվ, պարոն Գալուստ Սահակյան, իմացեք, որ նաեւ այս հարցի շուրջ դուք պետք է կանչվեք պատասխանատվության»:

Սեյրան Սարոյանն էլ տեսնելով Գալուստ Սահակյանի անտարբերությունը՝ կատակեց. «Ոնց որ քու մասին էր խոսքը»:

Զարուհի Փոստանջյանը զգուշացրեց, որ այս պահին ԱԺ մուտքի մոտ սեւազգեստ մայրերն են. «Հորդորում եմ կողմ քվեարկել»:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Վստահ եմ, որ դահլիճում ներկա բոլորի սրտից արյուն է հոսում, երբ շենք մտնելիս տեսնում եք զոհվածների, մահացածների մայրերին: Ուզում եմ հիշեք բոլորի կողմից պարբերաբար հիշեցվող փառահեղ մտքերը, որոնք ասում եք բանակի, զինվորների, մահացածների հիշատակի առթիվ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ արեց, որ կողմ քվեարկեն, սա այն հարցը չի, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական դիրքորոշում որդեգրի ու մերժի: Պարզ հարց է, կարելի է լուծել, որպեսզի, ոչ թե սպանված զինծառայողի մոր ձեռքից բռնեն ու շպրտեն, այլ բոլոր քաղաքական ուժերը միասին քննարկեն այդ դեպքերը, որոնք խիստ վիճահարույց են. «Ինքնասպանության անվան տակ տեղի են ունեցել սպանություններ: Ի վերջո` պետք է հարգել սպանված զինծառայողների ծնողների վիշտը: Չեմ կարծում, որ կողմ քվեարկելով՝ խորհրդարանական մեծամասնության արժանապատվությունը կնվաստանա»:

Էլինար Վարդանյանն էլ հիշեցրեց, որ պարտք ունենք բոլոր այն ծնողների հանդեպ, ում երեխաները ծառայում են հայոց բանակում: Եվ այդ պարտքը կրկնապատկվում է, երբ խոսք է գնում պատերազմի, խաղաղ ժամանակ զոհված, սպանված զինվորների մասին:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հրապարակեց ՀՀԿ-ի դիրքորոշումը. «Իրոք, խնդիրը գոյություն ունի, որը քաղաքական դաշտից դուրս է, իրավական է: Մենք կփորձենք չխոչընդոտել իրավական համակարգին: Դրա համար ՀՀԿ-ն նպատակահարմար է գտնում չմասնակցել քվեարկությանը՝ աջակցելով խնդրի լուծմանը»:

Նախագիծն ԱԺ լիագումար նիստում քննարկելու հարցին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, ձեռնպահ՝ երկուսը, որոշումը չընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31