Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերների» ցուցադրությունը ընդլայնե՞ց ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը

Հոկտեմբեր 03,2016 15:00

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նկատում է` «Իսկանդերները» վաղուց է,  որ Հայաստանում էին, բայց դա չզսպեց Ադրբեջանին ապրիլյան գործողությունների ժամանակ:

– Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ Բաքուն ու Մոսկվան համատեղ կարտադրեն նոր սերնդի մարտավարական հրթիռներ՝ «օդ-օդ» եւ «օդ-երկիր» դասի: Ուշագրավ է, որ այդ լուրերը սկսեցին հրապարակվել Հայաստանի Անկախության 25-ամյակի զորահանդեսից հետո, երբ ցուցադրվեց «Իսկանդերը», ինչը բավական քննարկվեց եւ Բաքվում, եւ Երեւանում: Այս տեղեկությունները քարոզչակա՞ն նպատակ ունեն, թե՞ Հայաստանը լրացուցիչ մտորելու առիթ ունի:

– Ռուսաստանը սպառազինության խոշոր արտադրող եւ արտահանող է ու շահագրգռված է ընդլայնել իր հաճախորդների քանակն ու վերջիններիս վաճառվող զինատեսակների ու ռազմական տեխնոլոգիաների անվանացանկը: Իրական պատերազմական գործողությունների ընթացքում ռուսական արտադրության զենքի հաջող կիրառման մասին ցանկացած լուրն այդ զենքի առեւտրային գովազդ է հանդիսանում նաեւ: Սիրիայում ռուսական օդուժի, հակաօդային պաշտպանության միջոցների, տարատեսակ ռումբերի եւ հրթիռների զանգվածային կիրառման միջոցով նաեւ գովազդվել են մի շարք զինատեսակներ: Արցախյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման վտանգը, որն իր առարկայական հավաստումը ստացավ այս տարվա ապրիլին, անկասկած խթանեց սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, իսկ երեւանյան զորահանդեսի ժամանակ «Իսկանդերների» ցուցադրությունն ուղղակի դրա համար որպես լրացուցիչ խթան հանդիսացավ: Գուցե սխալվում եմ, բայց որքան գիտեմ՝ այդ հրթիռները նոր չէ, որ բերվել են Հայաստան, ու դժվար թե ադրբեջանական կողմը դրանց առկայության մասին չիմանար ապրիլյան ռազմագործողությունը նախաձեռնելու պահին: Այսինքն՝ իմացել են, բայց անտեսել են դրանց առկայությունը: Գուցե վստահ են եղել, որ հայկական զինուժը դրանք չի կիրառի: Ստացվում է, որ մարտական պայմաններում չօգտագործված հրթիռների խաղաղ ցուցադրությունը Երեւանում կարող է խթան դառնալ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդլայնման համար:

– Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն ասել էր, որ 25-ամյակի զորահանդեսը փակեց 1980-ականների զենքի հայտնի թեման: Համամի՞տ եք:

– Մասնակիորեն կհամաձայնեմ այդ պնդմանը՝ քաղաքական տեսանկյունից ութսունականների զենքով կռվելու մասին թեզը, հավանաբար, կոչված էր քողարկելու այն հանգամանքը, որ Արցախի ՊԲ-ն կարող է ունենալ նաեւ հետխորհրդային շրջանի ռուսական արտադրության զինատեսակներ: Ռուսական կողմի համար դա կարող էր գլխացավանք դառնալ պաշտոնական Բաքվի հետ ծրագրվող մերձեցումն արագ իրականացնելու տեսանկյունից: Սակայն մեր զինված ուժերի տրամադրության տակ եղած սպառազինության գերակշիռ մասն, այնուամենայնիվ, լուրջ արդիականացման կարիք ունի:

– Արդեն տեւական ժամանակ է՝ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպման մասին խոսակցություններն այդպես էլ իրականություն չեն դառնում: Առաջիկայում էլ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ադրբեջանի ԱԳ նախարարը նախօրեին ասաց, որ նախագահների հանդիպման մանրամասները կհստակեցվեն համանախագահների` տարածաշրջան այցի արդյունքներն ամփոփելուց հետո: Հայկական կողմից ասում են` օրակարգի հստակեցումից հետո: ԼՂ հարցի կարգավորման բանակցությունները կրկին փակուղո՞ւմ են, մանավանդ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության լուծումն այսօր տեսանելի չէ:

– Մադրիդյան սկզբունքները հակամարտության կարգավորման իրական նախադրյալներ չեն պարունակում, ու եթե մեր իշխանական վերնախավը պատշաճ շրջահայացություն ու հեռատեսություն ժամանակին դրսեւորած լիներ, թերեւս ոչ միայն ապրիլյան պատերազմը հնարավոր կլիներ կանխել, այլեւ դիպուկահարների պատերազմի զոհերի քանակն անգամներ պակաս կարող էր լինել: Հույս ունեմ, որ ՀՀ գործող իշխանությունները վերջապես եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է լրջորեն վերանայել սեփական քաղաքական, իրավական ու դիվանագիտական մոտեցումները եւ միջնորդներին ու ադրբեջանական կողմին կներկայացնեն բանակցային օրակարգում սկզբունքային փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հիմնավոր ու ծանրակշիռ փաստարկներ: Առայժմ, կարծես թե, պաշտոնական Երեւանը սահմանափակվում է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում շփման գծում փոխվստահության միջոցների ու միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման պահանջով եւ հակված չեն նոր հանդիպման, քանի դեռ նախորդների ընթացքում ընդունված որոշումները կյանքի չեն կոչվել: Այս պահվածքն, անշուշտ, թույլ է տալիս ժամանակ շահել, սակայն դեռ ամենեւին չի վկայում այն մասին, որ պաշտոնական Երեւանի կողմից նոր քաղաքական գիծն արդեն մշակված ու գործի է դրված:

– ԼՂ հարցի կարգավորման ռազմական տարբերակն այսօր նույնքան սպասելի եւ մտահոգի՞չ է, որքան մի քանի ամիս առաջ էր:

– Անկասկած այդ տարբերակը, ցավոք, շարունակում է միանգամայն իրատեսական մնալ՝ ադրբեջանական կողմը երկու տասնամյակների ընթացքում լրջագույն ջանքեր է գործադրել, որպեսզի իր համար ցանկալի լուծումը կյանքի կոչվի եթե ոչ՝ բանակցային, ապա ռազմական ճանապարհով: Պաշտոնական Բաքուն կարողացել է ձեւավորել այն իրավաքաղաքական միջավայրն ու հիմքերը, որոնց առկայության պայմաններում իր կողմից Արցախի հանդեպ հնարավոր ռազմական հարձակումը միջազգային հանրությունը կդիտարկի որպես Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի տարածքներն ազատագրելուն ուղղված օրինական եւ օրինաչափ գործողություն: Սա լրջագույն սպառնալիք է՝ ուղղված մեր կենսական ազգային շահերի դեմ, եւ ստիպված եմ ցավով արձանագրել, որ մենք ինքներս դրանում ունենք մեղքի մեծ բաժինը:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հ. Գ.- Որ Հայաստան են բերվել «Իսկանդեր» համակարգեր՝ «Առավոտի» հետ զրույցում դեռ անցած տարվա սեպտեմբերին ոչ պաշտոնական տեղեկություն էր հայտնել ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

«Առավոտ»

03.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31