Շիրակի մարզ երկրորդ քաղաքում՝ Արթիկում, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը (լուսանկարում), որի թեկնածությունն առաջադրել էր Հանրապետական կուսակցությունը, պարտվեց նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանին։
Ի դեպ, նշենք, որ Մխիթար Վարագյանը Հանրապետական է, սակայն ինքնառաջադրվել էր: Իր հարազատ կուսակցությունը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, որոշել էր քաղաքապետի պաշտոնում առաջադրել նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Մուշեղ Պետոյանին։
Այս քաղաքում դաժան մրցապայքար էր ընթանում, ընտրողների թիվը 15343 է, ընտրությանը մասնակցել են 8524-ը, Մխիթար Վարագյանը հավաքել է 4143 ձայն, իսկ Մուշեղ Պետոյանը՝ 3989։ Ինչպես բնութագրում են արթիկցիներն՝ այստեղ իսկական Ավարայրի ճակատամարտն էր։
Հիշեցնենք, որ նախորդ ԱԺ ընտրություններում Մուշեղ Պետոյանն էր հաղթել Մխիթար Վարագյանին՝ նրանից վերցնելով պատգամավորական մանդատը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաև, որ Մխիթար Վարագյանի եղբայրը՝ Խաչատուր Վարագյանը, ևս եղել է Արթիկի քաղաքապետ։ Խաչատուր Վարագյանը թեև նախորդ ընտրություններում պարտվել էր հանրապետական Արսեն Աբրահամյանին, սակայն արթիկցիների ասելով, պարոն Աբրահամյանն այս անգամ իր ողջ թիմով, քաղաքապետարանի կազմով սատարել է Մխիթար Վարագյանին։ Միգուցե պատճառն այն է, որ հանրապետականները՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ չթույլատրեցին նրան մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որպեսզի ճանապարհ հարթեին իրենց թեկնածուի՝ Մուշեղ Պետոյանի համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ