«Ընտրությունները մրցակցային էին, քաղաքական էին եւ գոնե երկու համայնքում`Գյումրիում եւ Վանաձորում, կուսակցական էին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն`ամփոփելով հանրապետության 300-ից ավելի համայնքներում եւ վեց մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:
Բոլոր խնդիրներով հանդերձ, Վանաձորի եւ Գյումրու ընտրությունները, ըստ Էդուարդ Շարմազանովի, ցույց տվեցին, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի, նորմալ ընթանում է. «Կուսակցություններն ազատ ընտրապայքարի միջոցով կարողանում են ընտրողին ներկայացնել իրենց ծրագրերը: 2016-ի տեղական ինքնակառավարման ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում մրցակցային ընտրություններն այլեւս այլընտրանք չունեն: Ընտրությունները մրցակցային էին, ժողովրդավարական էին եւ ամենակարեւորը` կար ծրագրերի բախում»:
ՀՀԿ-ի համար սպասելի էին իրենց հաղթանակները: Հիշեցնենք, որ Գյումրիում, Վանաձորում եւ մնացյալ մեծ համայնքներում ՀՀԿ-ն առաջին հորիզոնականն է զբաղեցրել:
Էդուարդ Շարմազանովը շնորհավորում է նաեւ ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին, հույս ունի, որ «մինի-պառլամենտի» մոդելով Գյումրին եւ Վանաձորն ավելի արդյունավետ կկառավարվեն:
Կարդացեք նաև
Խորհրդարանական ընտրություններից առաջ այս հաղթանակը ՀՀԿ-ում շատ են գնահատում: Ասում են`պետք է ավելի լավ աշխատեն, որ չզրոյացնեն իրենց տրված վստահության քվեն: «ՀՀԿ-ն մնում է ՀՀ ամենաառանցքային, ամենաազդեցիկ քաղաքական ուժը»,- սա է անցած ՏԻՄ ընտրությունների ձեռքբերումն, ըստ ԱԺ փոխխոսնակի:
Aravot.am-ի դիտարկմանը, որ այս ընտրություններում պահպանված ընտրապայքարի հին մեթոդները`ընտրակաշառք, թաղային հեղինակություններ, կարուսելներ, ինչի մասին նաեւ ընդդիմադիրներն էին ահազանգում, վկայում են այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների շեմին Հայաստանում ընտրական գործընթացներում ոչինչ էլ չի փոխվել, թեեւ իշխող ուժի ներկայացուցիչները հակառակն են պնդում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ համամիտ չէ դիտարկման հետ: «Ահազանգերը, խախտումները շատ ավելի փոքր ծավալ են կրել, քան նախորդ ընտրություններում: Չի եղել մի ահազանգ, որի ետեւից ԿԸՀ-ն եւ իրավապահները չգնան: Եղել են նաեւ ահազանգեր, որոնք կեղծ են եղել: Երբ իրավապահները խնդրում էին փաստեր ներկայացնել`դրանք չկային: Իսկ այսօր, մենք 20-րդ դարում չենք ապրում: Յուրաքանչյուր մարդ ունի հեռախոս եւ կարող է արձանագրել խախտումը»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովին գոհացրել է, որ միակ ընդդիմադիր ուժի առաջնորդին հավակնող թեկնածուն ընդունել է իր պարտությունը: Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ