Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուքում ընդվզողների մեծ մասը տանը հաճույքով ռաբիս է լսում»

Հոկտեմբեր 03,2016 14:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, արձակագիր, հասարակական գործիչ Հարություն Հարությունյանը:

Հաղորդման թեման թեժ քննարկումների թիրախում հայտնված «Ամենակարող երգիչը» նախագիծն է եւ դրան հետեւած արձագանքները:

Գոհար Հակոբյան– Պարոն Հարությունյան, որպես ՀՌԱՀ անդամ` ինչպե՞ս եք գնահատում «Ամենակարող երգիչը» նախագծից հետո առաջացած հանրային դժգոհությունը, արդարացվա՞ծ էր արդյոք, թե՞ ավելորդ դրամատիզացիա էր, ինչպես արտահայտվել էր ժյուրիի անդամ Նադեժդա Սարգսյանը:

Հարություն Հարությունյան.– Կարծում եմ՝ ե՛ւ արդարացված էր դժգոհությունը, ե՛ւ մի քիչ էլ դրամատիզացված…

Նարինե Զարիֆյան.– Այդ ամեն ինչի մասին ես վաղուց խոսել եմ, ու միշտ կարծիքս նույնն է եղել՝ ռաբիս ասվածը պետք է դուրս գա մեր եթերից եւ առօրյայից, որովհետեւ ռաբիսն առաջին հերթին վատ ճաշակի դրսեւորում է:

Գ. Հ.– Իսկ ինչո՞ւ այս ամենին չհաջորդեց Կոմպոզիտորների միության արձագանքը, ինչո՞ւ միությունը լռեց:

Ն. Զ.– Չգիտեմ, թե ինչու Կոմպոզիտորների միության կողմից արձագանք չեղավ, բայց մենք կուլիսներում միշտ էլ խոսում ենք, ու բոլորն էլ դեմ են ռաբիսին՝ երաժշտության մեջ: Կոնսերվատորիայում դասավանդելով՝ ես ուսանողներիս անընդհատ բացատրում եմ, թե ինչպես կարող է ռաբիսն անդրադառնալ նրանց ստեղծագործական ուղու վրա: Բայց ուսանողներն ինձ պատասխանում են, որ ես իրենց մի բան եմ քարոզում, կոնսերվատորիայի պատերից դուրս իրենք լրիվ այլ բան են տեսնում: Աշխատելով էստրադային-ջազային բաժնում՝ զրույցների ժամանակ ասում եմ, որ պետք է լսել միայն որակյալ երաժշտություն, խուսափել ռաբիսից, որը պարունակում է արեւելյան ռիթմեր ու շատ գրավիչ է: Ընդհանրապես հայերեն բառերով պետք չէ երգել թուրքական եւ արաբական երաժշտություն:

Հ. Հ.– Հարգելով տիկին Զարիֆյանի կարծիքը՝ ես որոշ մասով ինձ թույլ եմ տալիս չհամաձայնել, որովհետեւ ես չեմ համարում, թե ռաբիսը երաժշտության ճյուղ է, ռաբիս երաժշտությունը խորհրդային ժամանակներից մնացած հասկացություն է, ռաբիսն ապրելակերպ է, օրինակ՝ ռաբիս հագուկապի ոճ կա, իսկ այն երաժշտությունը, որ մենք լսում ենք երեւանյան ֆոլկլորի աղավաղված աղճատված, արեւելյան լադերով եւ մելիզմներով համեմված, երեւանյան ֆոլկլորից այլ դաշտ տեղափոխված երաժշտություն է, որը շատերի ականջներին հաճելի չէ ու շա՛տ-շատերի ականջներին էլ հաճելի է: Ցավոք, հասարակությունն այսօր այդ արժեհամակարգի մեջ է հայտնվել, չնայած այնպես չի, որ ինքն այդ արժեհամակարգում չի էլ եղել: Ես երբ փոքր երեխա էի եւ ապրում էի Սիլաչի թաղամասում, հիշում եմ, թե ինչպես էր ժամը 5-ին այդտեղ կանգնած կոլխոզնիկների եւ առեւտրականների մեքենաներից Բաքու հնչում… Երբ Զեյնաբ Խանլարովան գալիս էր Երեւան՝ համերգների, Հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր լինում, բայց երբեք հեռուստատեսությունը նրա համերգները ուղիղ եթերում կամ նկարահանած վիճակով ցույց չէր տալիս, քանի որ հեռուստատեսության վրա կրթական առաքելություն էր դրված, որը պահպանվում էր: Այս առիթով հիշեցնեմ մեր հարգարժան Հակոբ Մովսեսի այն արտահայտությունը, որ զուգարանակոնքը շատ լավ բան է, բայց երբեք չես տանի դնես ճաշասենյակի մեջտեղում: Երեւույթը սրանից լավ ձեւակերպում չունի: Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ հիմա է աղմուկ բարձրանում, որովհետեւ տարիներ շարունակ մեր եթերային քաղաքականությունը ռաբիս է եղել: Ինչ վերաբերում է «Ամենակարող երգիչ» նախագծին, ֆեյսբուքում հիմնականում ընդվզեցին, Ֆեյսբուքում աղմուկը բարձրացավ, բայց ես համոզված եմ, որ այնտեղ գրողների մեծ մասը հաճույքով ռաբիս երաժշտություն է լսում իրենց տներում:

Ն. Զ.– Երբե՛ք, չկա նման բան… Համաձայն չեմ Ձեզ հետ, եւ հետո ռաբիս բառի կողքին ափոս է երաժշտություն բառը դնելը:

Հ. Հ.- Իսկ ինչո՞ւ չընդվզեցիք, երբ Արմենչիկը դարձավ ՀՀ վաստակավոր արտիստ:

Ն. Զ.– Ո՞նց չընդվզեցինք…

Հ. Հ.- Կամ բացատրեք հասկանանք՝ Թաթան ռաբի՞ս է, թե՞ ռաբիս չէ:

Ն. Զ.- Իհարկե, ռաբիս է…

Գ. Հ.- Մեր խորհրդարանի նախագահն ասում է, որ կա լավ ռաբիս, եւ վատ ռաբիս, համամի՞տ եք…

Հ. Հ.- Իսկ ԱԺ նախագահը ռաբի՞ս է, թե՞ ռաբիս չէ…

Ն. Զ. – Չեմ կարող ասել, չեմ շփվել հետը…

Հ. Հ.– Բայց լսել եք, չէ՞, արտահայտությունները:

Ն. Զ.- Դուք ասում եք՝ ռաբիսն ապրելաձեւ է, բայց երաժշտության մեջ մի քիչ այլ է, մենք վերցնում ենք այն, ինչ բնորոշ չէ մեր ազգային երաժշտությանը, եւ ոչ մի ձեւով չենք կարող ասել, որ դա ապրելաձեւ է: Կան շատ գեղեցիկ երիտասարդներ, որոնց ապրելաձեւն այլ է, բայց մտածողությունը ռաբիս է… Կարծում եմ՝ ռաբիսը եղել է, կա եւ կլինի, բայց այն իր տեղում պետք է մնա՝ սրճարաններում, հարսանիքներում եւ վե՛րջ: Ռաբիսը երբեք չի՛ կարելի բերել հեռուստատեսություն…

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Բանավեճն ամբողջությամբ`

«Առավոտ»

03.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31