Երկրորդ կարգի հաշմանդամ, 65-ամյա Կարինե Հովհաննիսյանն ընկած Վանաձորի քաղաքապետարանի դռները՝ փորձում է ապացուցել, որ բնակարանի դիմաց կառուցվող օբյեկտը քաղաքաշինական նորմերի խախտումով է իրականացվում: Սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմում է տիկին Հովհաննիսյանը, երկար պայքարից հետո Վանաձորի քաղաքապետարանից նրան գրավոր պատասխանել են` իր բնակարանի դիմաց կատարվող շինարարությունն օրինական է: Բայց կինը չի վիճարկում շինարարության օրինականությունը, պարզապես բարձրաձայնում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը հակասում է քաղաքաշինության մի քանի նորմերի:
Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի 49/1 հասցեի հողամասում քաղաքացի Միշա Մանուկյանը որոշել է խանութ կառուցել. այսպես են Վանաձորի քաղաքապետարանից պարզաբանել Կարինե Հովհաննիսյանին: Տիկինը բնակվում է նույն թաղամասի 49-րդ շենքի առաջին հարկում, իսկ տվյալ խանութը կառուցվելու է նրա բնակարանի անմիջապես դիմաց եւ, ինչպես տիկին Հովհաննիսյանն է ասում՝ խոչընդոտելու է նրա բնակարանի լուսավորությանը: Բացի այդ, խանութը, կարելի է ասել, կառուցվելու է տիկնոջ «քթի» տակ. այն շենքից եւ տիկնոջ բնակարանի պատուհաններից ընդամենը 2.5 մետր հեռավորության վրա է գտնվելու:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին ուղղված Կարինե Հովհաննիսյանի դիմումին ի պատասխան՝ քաղաքապետարանից գրավոր տեղեկացրել են. «Ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված վայրում ապօրինի շինարարություն չի կատարվում, այլ համաձայն Վանաձոր համայնքի ղեկավարի 18.08.2016թ. թիվ 88 շինթույլտվության՝ կատարվում են խանութի կառուցման հողային աշխատանքներ: Համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014թ. թիվ 263-Ն հրամանի՝ նշված շինությունը բավարարում է ինսոլյացիայի նորմերին եւ ոչ մի ձեւով չի փակում Ձեր լուսավորությունը, ինչպես նաեւ կառուցվող շինությունը չի գտնվում Ձեր պատուհանների առջեւ»: Փաստորեն, Կարինե Հովհաննիսյանը պետք է ոչ թե փաստերին ու իր աչքերին հավատա, այլ Վանաձորի քաղաքապետարանի «չինովնիկների» մոլորեցնող պատասխաններին:
Տիկին Հովհաննիսյանը նույնիսկ չափել է. խանութը, որի շինարարության համար հողամասում արդեն որոշակի աշխատանքներ են սկսվել, շենքից մոտ 2 մետր հեռավորության վրա է գտնվում:
Կարդացեք նաև
Քաղաքաշինության նախարարությունից «Առավոտի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են. «Ըստ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի 2016 թվականի օգոստոսի 10-ին տրված N 64 ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված պահանջի եւ դրան համապատասխան մշակված ու համաձայնեցված նախագծի՝ նախատեսվում է Վանաձոր համայնքի նշված հասցեում կառուցվող շինությունը տեղադրել հարեւանությամբ գտնվող բազմաբնակարան բնակելի շենքից 2.5 մետր հեռավորության վրա։ Կառուցվող շինության բարձրությունը նախագծով նախատեսվում է իրականացնել 4.7 մետր»։
Արդյոք տվյալ ճարտարապետանախագծային առաջադրանքը չի՞ հակասում քաղաքաշինական նորմերին, նախարարությունից մեր այս հարցին ի պատասխան՝ վստահեցրին՝ հակասում է:
Նախարարության քաղաքաշինական պետական տեսչության իրավական ակտերի, վերլուծության եւ ընդհանուր վերահսկողության բաժնի պետ Սամվել Մանասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ հարաչափերը՝ հեռավորությունը, քաղաքապետարանի տրված առաջադրանքով քաղաքաշինական համապատասխան նորմերը չեն պահպանվում, խախտվում են քաղաքաշինական նորմերի 79-րդ եւ 439-րդ կետերը:
Եթե անգամ այլ նորմերը չխախտվեին, ապա գոնե հակահրդեհային պահանջների 439-րդ կետը խախտվում է: Ըստ այդ կետի՝ շենքի հրակայության 1-ին եւ 2-րդ աստիճանի դեպքում առնվազն 6 մետր հեռավորություն պետք է պահպանվի:
Ըստ էության, Վանաձորի քաղաքապետը հաստատել է ճարտարապետաշինարարական այնպիսի առաջադրանք, որով խախտվում են քաղաքաշինական նորմերը: Դժվար թե Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետը, որը եւս այդ առաջադրանքը հաստատողներից է, տեղյակ չէ քաղաքաշինական նորմերին: Կարինե Հովհաննիսյանը վստահեցնում է. «Կառուցապատողը կադաստրի աշխատող է, եւ հավանաբար իր խանութի համար հարմար տարածքն իմ պատուհանների տակ է, եւ երեւի «լեզու են» գտել՝ անտեսելով քաղաքաշինական պահանջները»:
Նախարարությունից մեզ նաեւ վստահեցրել են, որ քաղաքաշինական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից նշված հասցեում կատարվել է ուսումնասիրություն, որի ընթացքում փաստվել է, որ նշված տարածքում իրականացվել են շինարարական հրապարակի նախապատրաստական աշխատանքներ։
Պարոն Մանասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում նախարարությունն ընդամենը կարող է առաջադրանք տալ փոփոխել նախագիծը եւ համապատասխանեցնել նորմերին:
Կարինե Հովհաննիսյանն ասում է, որ քաղաքապետարանն իրեն մոլորեցնող պատասխան է տվել, քանի որ ինքը դիմել էլ քաղաքապետարանին՝ թույլատրել իր բնակարանի պատշգամբի պատուհանից դուռ բացել. «Ես խնդրել էի տալ ինձ այդ թույլտվությունը, որովհետեւ ուզում եմ օրվա ապրուստս հոգալու համար առեւտրի մի փոքրիկ կետ բացել: Ինձ քաղաքապետարանից ասել են՝ քեզ չի հաջողվի թույլտվություն ստանալ, քանի որ այդ խանութը եթե սարքեն, դու չես կարող դուռ բացել, եւ ահավոր գներ են ասում թույլտվության ու այլ բաների համար: Ես նման խնդրանքով դիմեցի, քանի որ իմ հարեւաններն էին նման բան արել, ու կարծում էի՝ ինձ էլ չեն մերժի»:
Տիկին Կարինեն ասում է՝ հաշմանդամություն ունենալու պատճառով չի կարողանում աշխատել, մոտ 7 անգամ վիրահատության է ենթարկվել, ընդամենը 50 հազար դրամ է ստանում հաշմանդամության եւ սոցանապահովների համար նախատեսված թոշակներով. «Շատ հարմար կլիներ հենց իմ պատշգամբից դուռ բացեի ու առեւտուր անեի: Բայց պարզվում է՝ իմ դուռը խոչընդոտելու է խանութի տիրոջը»:
Այս խնդրով տիկին Կարինեն դիմել է նաեւ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանին. նա տիկնոջը խոստացել է աջակցել եւ բոլոր անհրաժեշտ գործընթացները անվճար կատարելու հրաման է տվել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
03.10.2016