Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ապրում եմ նաեւ ինքնաթիռում»

Հոկտեմբեր 03,2016 13:00

Ասում է մի քանի երկրում ղեկավար
պաշտոն զբաղեցնող դիրիժոր Դմիտրի Յուրովսկին

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով 2015թ. ապրիլին 43 երկրներից Հայաստան ժամանած 123 երաժիշտներից կազմված «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարեցին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը եւ առաջին անգամ մեր երկիր այցելած Միխայիլ Յուրովսկին։

Օրերս էլ Երեւանում է Յուրովսկու որդին՝ Դմիտրին, որը հոկտեմբերի 30-ին ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, մեկնաբանեց Բրամսի երկերից երկուսը՝ 2-րդ սիմֆոնիան եւ կրկնակի կոնցերտը՝ գրված ջութակի, թավջութակի եւ նվագախմբի համար։ Մենակատարներն էին ռուս երաժիշտներ, ջութակահար Բորիս Բրովցինը եւ թավջութակահար Բորիս Անդրիանովը։

Գերմանաբնակ դիրիժոր Դմիտրի Յուրովսկին ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի, Անտվերպենի ¥Բելգիա) եւ Նովոսիբիրսկի օպերային թատրոնների գեղարվեստական ղեկավարը։ Դմիտրի Յուրովսկու եղբայրը՝ Վլադիմիրը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ եւ Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն է։

Հարցին՝ ինչպե՞ս են ինքն ու եղբայրը ղեկավարում միանգամից երկու եւ ավելի հեղինակավոր կոլեկտիվներ, Դմիտրի Յուրովսկին պատասխանեց. «Կան դիրիժորներ, որոնք գեղարվեստական ղեկավար են միանգամից 4-5 նվագախմբերի: Այդ հարցը հուզում է բոլորին: Եղբորս անունից ընդամենը կարող եմ ասել, որ նա պատվով է դուրս գալիս ղեկավար երկու պաշտոնները համատեղելուց։ Իմ անունից այս հարցին պատասխանելը փոքր-ինչ դժվար է։ Լիարժեք պատասխան կստանայիք Անտվերպենի օպերային թատրոնից եւ Ռուսաստանի ֆիլհարմոնիայից… Այո՛, շատ բարդ է տարբեր երկրներում ղեկավար պաշտոն զբաղեցնելը։ Պատկերավոր ասած՝ ես ապրում եմ նաեւ ինքնաթիռում… Մի բան ինձ մոտ հստակ է դրված՝ ես չեմ զբաղվում ադմինիստրատիվ հարցերով, իմը երաժշտական մասն է։ Այո՛, հաճախ է լինում, երբ բացակայությանս ժամանակ ծագած հարցերը հարթում կամ կարգավորում եմ այլ երկրներից։ Հենց այսօր Նովոսիբիրսկի թատրոնից զանգ ստացա, ինչը վերաբերում էր 2017-18 թթ. խաղաշրջանին։ Բնականաբար, շատ եմ կարեւորում երաժիշտներիս հետ նաեւ մարդկային շփումը, բայց, ցավոք, դա իմ դեպքում լիարժեք չի ստացվում»։

Զրույցի ընթացքում Դմիտրի Յուրովսկին հավաստիացրեց, որ հայրը մինչ օրս հիշում է երեւանյան ելույթը, նույնիսկ՝ փորձերը։ Անդադար պատմում է յուրահատուկ հանդիսատեսի մասին։ «Հորս խոսքերում համոզվեցի, երբ ներկա գտնվեցի Լեւոն Չաուշյանի հեղինակային երեկոյին։ Ավելին՝ ձեր հանդիսատեսը կարծես մաս է կազմում հնչող երաժշտությանը»,- նշեց արվեստագետը։

Կրտսեր Յուրովսկին տեղեկացրեց, որ անձամբ է ղեկավարել Խաչատրյանի, Բաբաջանյանի, Տերտերյանի ստեղծագործություններից։ Ասաց, թե Երեւանում ծանոթացել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Լեւոն Չաուշյանի, Վաչե Շարաֆյանի հետ, հավաստիացրեց, թե առաջիկայում անպայման «դրսում» կանդրադառնա նրանց ստեղծագործություններին եւս։ Մեր զրուցակիցը հիշեց նաեւ իր համագործակցությունը հայազգի օպերային երգիչներ Հասմիկ Գրիգորյանի, Տիգրան, Հայկ Մարտիրոսյանների եւ մյուսների հետ։ Առանձնակի նշեց, որ մեծ ցանկություն ունի հանդես գալ գերմանաբնակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ դաշնակահար Լուսինե Խաչատրյանի հետ։

Դմիտրի Յուրովսկին հայտնեց, որ հնարավորինս ջանում է համատեղել սիմֆոնիկ եւ օպերային դիրիժորի իր կարիերան։ Շուրջ 15 օպերային ներկայացում է ղեկավարել Միլանում, Պադովայում, Մյունխենում, Բեռլինում, Բրյուսելում, Սանկտ Պետերբուրգում, Ջենովայում եւ այլուր։ Դիրիժորական վահանակի առջեւ է կանգնել՝ ղեկավարելով Դրեզդենի, Լիսաբոնի, Հռոմի եւ այլ քաղաքների ճանաչված նվագախմբերը։ «Միայյն Իտալիայի 23 թատրոններում ղեկավարել եմ Պրոկոֆեւի «Սեր երեք նարինջներին» օպերան։ Վերականգնել եմ ու ներկայացրել Բերնսթայնի երկրորդ սիմֆոնիան»,- հատուկ նշեց մեր զրուցակիցը։

Հետաքրքրությանը. թե ինչո՞ւ է այսօր Գերմանիան իրեն ձգում աշխարհի լավագույն երաժիշտներին, այդ թվում՝ հայ, դիրիժորը նախ նշեց, թե սովորաբար ասում են, որ այդ երկրում բարձր են երաժիշտների հոնորարները, ինչի հետ ինքն այդքան էլ համամիտ չէ, հետո էլ հստակ պատասխանեց. «Գերմանիան կայուն երկիր է Եվրոպայում»։

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Միխայիլ, Դմիտրի եւ Վլադիմիր Յուրովսկիները։

 

«Առավոտ»

03.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31