Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Վենետիկում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդաժողովը՝ «Կլիմայի փոփոխությունների մարտահրավերները» խորագրով: Խորհրդաժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:
Խորհրդաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներից զատ առաջարկվել են մի շարք բանաձևեր: Մասնավորապես վերջերս EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Օհանյանի կողմից առաջարկվել է բանաձև` հակամարտող գոտիների ուսանողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որն ընդունվել է միաձայն:
Ընդունված բանաձևով կարևորվել է հակամարտող գոտիների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Կոսովոյի ուսանողների կրթության իրավունքը, Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվել Բոլոնյան գործընթացում ներգրավել և աջակցել այդ շրջանների բուհերին, խթանել ուսանողների շարժունությունը, հնարավորություններ ստեղծել փոխանակման ծրագրերին մասնակցելու համար, միջոցներ ձեռնարկել Արցախի և մյուս չճանաչված պետությունների կրթության և դիպլոմների ճանաչելիության ուղղությամբ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն