Սույն թվականի սեպտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, որի ընթացքում բավական ընդարձակ եւ ծրագրային ելույթով հանդես եկավ տվյալ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Իմացողները գիտեն, որ Փաշինյանը ոչ թե այդ կուսակցության վարչության շարքային անդամ է, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր ու կարեւորագույն անդամներից մեկը, ում ելույթը կարելի է համարել կուսակցության ծրագրային ուղենիշ:
Շատ է խոսվում այն մասին, որ համաձայն նոր Սահմանադրության՝ Հայաստանն այլեւս նախագահական պետություն չի լինելու: Պառլամենտական է լինելու, վարչապետական, թե ինչ՝ առայժմ ոչ ոք պարզ ու հասկանալի չի բացատրում. այնպես, որ շարքային քաղաքացին ու ընտրողը հասկանան: Նրանք, ովքեր պիտի հստակ բացատրեին, երեւի իրենք էլ ամեն ինչ հստակ չեն պատկերացնում:
Մի բան, սակայն, բոլորը հստակ հասկացել են. հետայսու Հայաստանի պետական ու քաղաքական առաջին դեմքը լինելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը, ում ոչ թե ուղղակիորեն ժողովուրդն է ընտրելու, այլ ժողովրդի կողմից ընտրված ու ձեւավորված Ազգային ժողովը, այսինքն՝ պատգամավորները:
Այս պահին Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն է, բայց Կարեն Կարապետյանը Հայաստանի առաջին դեմքը չի այն պարզ պատճառով, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը դեռեւս չի գործում:
Կարդացեք նաև
Բնականաբար, ենթադրվում է, որ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ կդառնա այն անձնավորությունը, ով կստանա Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության ձայները:
Ինչքան էլ ասեն ու բացատրեն՝ շարքային ընտրողը դժվար թե հասկանա՝ ինչ ասել է պառլամենտական կամ վարչապետական պետություն, որովհետեւ շարքային ընտրողը Սահմանադրություն չի կարդում, եւ եթե կարդա էլ՝ էլի դժվար թե ամեն ինչ հասկանա, որովհետեւ սահմանադրությունները, մերը ներառյալ, գրվել ու գրվում են վերամբարձ ոճով ու սովորական մարդուն անմատչելի լեզվով, եւ էն կարծիքին չեմ, թե ամենաքաղաքակիրթ երկրներում շարքային քաղաքացիներն իրենց Սահմանադրությունն անգիր գիտեն: Մեր դեպքում ամեն ինչ առավել բարդ է, որովհետեւ մեր քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն էլ նորմալ ու հասկանալի լեզվով դեռեւս չեն բացատրել ու մեկնաբանել նոր Սահմանադրության էությունը, եւ գործիչներին ու քաղաքագետներին էլ մեղադրելու չի, որովհետեւ օրումեջ Սահմանադրություն ենք փոխում:
Փաստորեն, երեք նախագահ ենք ունեցել եւ՝ նույնքան Սահմանադրություն: Երբ առաջին նախ
ագահի օրոք մեր առաջին Սահմանադրությունն ընդունվեց, ընդդիմադիրներն ասում էին, որ Սահմանադրությունը կարված է Տեր-Պետրոսյանի վրայով: Երբ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը փոխեց, ընդդիմությունը Քոչարյանի առումով էլ էր նույնն ասում: Գործող նախագահի առումով էլ ասում են, որ Սերժ Սարգսյանն իր այս նոր Սահմանադրությամբ փորձում է հավերժացնել իր իշխանությունը:
Թե ինչքանով երրորդ նախագահին դա կհաջողվի՝ ժամանաը ցույց կտա: Փաստը փաստ է, որ առաջին երկուսին դա չհաջողվեց: Փաստ է նաեւ, որ կյանքում ու մանավանդ քաղաքականության մեջ ոչինչ հավերժ չէ:
Ինչեւէ. վերադառնանք Նիկոլին: Արդեն ասացինք, որ ս.թ. սեպտեմբերի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք արեց, եւ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ընդարձակ ու ծրագրային ելույթով: Նիկոլը բացեիբաց, պարզ ու հասկանալի լեզվով հայտարարեց, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն է:
Դա նշանակում է, որ այն ընտրողները, ովքեր ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը լինի Հայաստանի վարչապետն ու առաջին դեմքը, պետք է իրենց ձայնը տան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Որոշ քաղաքագետներ, վկայակոչելով նոր Սահմանադրությունը, նոր Հայաստանն անվանում են պառլամենտական հանրապետություն, քանի որ պառլամենտն է ընտրելու երկրի ղեկավարին: Որոշներն էլ անվանում են վարչապետական, որովհետեւ վարչապետն է հանդիսանալու երկրի թիվ մեկ դեմքը: Իսկ թե որն է պառլամենտականի եւ վարչապետականի տարբերությունը՝ շարքային ընտրողների համար առանձնապես պարզ չէ: Պարզ չէ, որովհետեւ բացատրողներ չկան: Բացատրողներ էլ չկան, որովհետեւ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Մանավանդ մեր դեպքում:
Հուսով ենք, որ գոնե ընտրություններից առաջ պարզ կլինի: Պարզ կլինի, թե ում եւ հանուն ինչի ենք ընտրում:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
03.10.2016