ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ վաղ առավոտից տարբեր տեսակի ահազանգեր են ստացել․82 ընտրատեղամասերում էլ ունեն վստահված անձիք, ներկայացուցիչներ, իսկ թեժ տեղամասերում ուղարկել են լրագրողներ, ակտիվ աշխատում են դիտորդների հետ։ Ըստ Քրիստինե Մկրտչյանի, թեժ ահազանգերը հիմնականում «Գծի հետև» ու Արցած թաղամասերից են։
«Արցախ թաղամասից նույնիսկ ֆիքսեցինք ավտոմեքենայի պետհամարնիշերը, մեկը սպիտակ մեքենա էր՝ N45801, ահազանգ եկավ, որ այս մեքենայով մարդ են տեղափոխում ու կաշառք բաժանում։Մենք տեղյակ ենք պահել ոստիկանությանը, մեր ներկայացուցիչները եղել են այնտեղ, ճշտեցինք, որ մեքենայի մեջ եղել է ներկայացուցիչ «Բալասանյան դաշինքից»։
Մեքենան հեռացել է, հետո տեղեկություն ստացանք, որ Անո անունով ինչ-որ կին, Չոռնի Անո են ասում (խոսքը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակցի մասին է Ա․Ն․) մարդիկ է բերում հատուկ ցուցակով, որպեսզի ընտրեն, ոստիկանությանը նորից տեղյակ պահեցինք, ասացին, որ հատուկ ջոկատայիններ են ուղարկել, դրանից հետո այդ կինը հեռացել էր։ Գծի հետև կոչվող թաղամասից ավագանու անդամ Էդգար Մկրտչյանն է անմիջապես մասնակցել, միջանցքներում, տեղամասի դիմաց է շրջել, մեր ներկայացուցիչը կարգի է հրավիրել․ ասել, որ իրավունք չունեք տեղամասին մոտ լինելու, ահագին վիճաբանություն է եղել նրա հետ։ Մենք ունենք նաև նկարած կադրեր, թե ինչպես տեղամասին շատ մոտ են գտնվում այլ երիտասարդների հետ, տարբեր են ահազանգերը։ Ասում են, որ «Բալասանյան» դաշինքից և «Գյուրեցու ոգի» կուսակցությունից ցուցակով մարդիկ են իրենց մոտ, ներկա-բացակա են անում նրանց, ովքեր գալիս են։
Հանձնաժողովի նախագահների հետ խոսում ենք, խնդրում ենք անմիջապես արձանագրություն կազմել, հրավիրում ենք դուրս։ Կոնկրետ 42 դպրոցում՝ 34/11 ընտրատեղամասում խոսել եմ հանձնաժողովի նախագահի՝ Եղիշե Շարյանի հետ, որը հաստատեց, որ «Բալասանյան» դաշինքի անդամը ներկա-բացակայով է աշխատում, ասաց, որ արձանագրություն է կազմել, զգուշացվել է, որ կհրավիրեն ոստիկանություն։ Թիվ 32 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում մեր վստահված անձից ահազանգ ստացանք, որ երևանցու բարբառով խոսող մարդիկ են գալիս, և իրենց ուղղորդում են ընտրատեղամաս, մեր ներկայացուցիչը չէր թողել ներս մտել։Մենք նորից տեղյակ ենք պահել հանձնաժողովի նախագահին, ասել ենք, որ ուշադիր լինի։ Թանաքի հետ կապված խնդիր կար թիվ 34/14 ընտրատեղամասում, նախագահը նաև հաստատեց։
Կարդացեք նաև
Եվ քաղաքացիներն են ահազանգում մեզ, և մեր վստահված անձիք, հիմնականում հանձնաժողովի նախագահների, քարտուղարների հետ ենք աշխատում, խնդրում ենք կարգի հրավիրել, ոստիկանության հետ ենք աշխատում, խնդրում ենք տեղյակ պահել, մեկ տեղամասում մեր ներկայացուցիչը գրիչներ էր բռնել, բռնել էր ընտրակեղծարարի ձեռքը, չէր թողնում, որ գնա, զանգել էր ոստիկանություն, սպասել էր մինչև որ ոստիկանության ներկայացուցիչը մոտենա իրեն։
Ասաց, որ ցուցակներ կար ընտրակեղծարարի ձեռքին, նա «Գյումրեցի ոգի» կուսակցության ներկայացուցիչ է, ինչ-որ խրձով գրիչներ, և՛ մեր ներկայացուցիչը ընտրակեղծարար այդ տղան գնացել են ոստիկանություն, ցուցմունք են տվել։ Ի միջիայլոց մյուս կուսակցություններից էլ ահազանգեր ունենք՝ ՕԵԿ-ից ԲՀԿ-ից, հիմնականում «Բալասանյան» դաշինքից ու «Գյումրեցու ոգի» կուսակցություններից են բողոքում, որոնք ունեն ցուցակներ ու իրենց մոտ հատուկ ներկա-բացակա են անում մարդկանց», -ասաց Քրիստինե Մկրտչյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ