Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Գյումրու գեղարվեստի ուսումնարանում տեղակայված թիվ 34/74 ընտրատեղամասում։
Նա քվեարկության էր եկել իր երկու թոռնուհիների հետ։
Լրագրողները Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է «Բալասանյան» դաշինքը դիմում ընտրախախտումների, ինչո՞ւ են գազելներով մարդկանց ուղղորդում դեպի ընտրատեղամասեր, անգամ որոշ ահազանգեր են հնչում ընտրակաշառքի մասին։
Կարդացեք նաև
Սամվել Բալասանյանը լրագրողներից հետաքրքրվեց, թե ո՞ր ընտրատեղամասերում է ու կոնկրետ ի՞նչ են անում, երբ լրագրողները մեկ անգամ ևս պատմեցին, որ գազելով մարդիկ են բերում, Սամվել Բալասանյանը խորհուրդ տվեց․ «Եթե այդպիսի բան կա, անմիջապես դիմեք ներքին գործեր, քրեորեն պատժելի է, ես նման բաներ չգիտեմ, ինձ համար զարմանալի է, ես որևէ խնդիր չունեմ, որ ընտրախախտում անեմ, ես հորդորել եմ կուսակցություններին, որ որևէ ընտրախախտում չկատարվի, լինեն արդար, թափանցիկ ընտրություններ»։
Լրագրողները Սամվել Բալասանյանից նաև հետաքրքրվեցին Հովհաննես Մարգարյանի՝ կաթի գողության մասին պատմող տեսահոլովակից՝ հարցնելով, թե դո՞ւք եք պատվիրատուն, հեղինակը տեսահոլովակի։ «Ոչ, ոչ, ես չգիտեմ ինչ մեկնաբանեմ, բայց եթե նման հարց կա, որ համապատասխան մարմինները զբաղվեն, թող զբաղվեն», ասաց Սամվել Բալասանյանը։
Նա նեղվեց, որ ընտրություններին մասնակցության ակտիվությունը մեծ չէ։ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ քվեարկում է հանուն իր թոռնիկների ապագայի, հանուն Գյումրու, նա նշեց, որ ինքը 4 տարի շարունակ անաչառ, ազնիվ աշխատանք է կատարել հանուն իր քաղաքի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ