Գյումրու Մուշ թաղամասի 34/13 ընտրատեղամասում, որը տեղակայված է թիվ 42 դպրոցին հարակից նկուղային մանկապարտեզում, «Բալասանյան» դաշինքի վստահված անձը հեռախոսով տեղեկություններ է հաղորդել Սամվել Բալասանյանի շտաբ, թե ընտրողների ցուցակի որ համարի ներկայացուցչը եկավ, քվեարկեց ու գնաց։ Սա տեսնելով՝հանձնաժողովի նախագահ Եղիշե Շարյանը, որը «Ժառանգություն» կուսակցությունից է, մասնագիտությամբ իրավաբան, անմիջապես արձանագրել է՝ կանխելով այս երևույթը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գևորգ Լոռեցյանն էլ պատմեց, որ հենց այդ նույն ընտրատեղամասի դիմաց գազելներով մարդկանց են բերել․ իջեցրել ընտրատեղամաս, հետո եկել, տարել են։ Թեկնածուն մոտեցել է վարորդին,նախազգուշացրել, որ ֆիքսում է նրա մեքենայի համարը, քանի որ ընտրակեղծիք է կատարվում, վարորդը սկզբում ասել է, որ իրենց ընտանիքի անդամներին են տեղափոխում։ Թեկնածուն, երբ մոտեցել է՝ քվեարկությունն արդեն ավարտած ու գազել բարձրացող մարդկանց, նրանք անկեղծորեն ասել են, որ գազելը վարձել են հատուկ իրենց համար, գազելի համարանիշն է` 35 CA 282:
Կարդացեք նաև
Թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նկատենք, որ այս թաղամասում աննկարագրելի աշխուժություն էր, կողք-կողքի գտնվող ընտրատեղամասերի դիմաց մեծ թվով մեքենաներ էին կանգնած, ականատես եղանք նաև մի քանի դեպքերի, երբ տեղաշարժվելու մեծ խնդիրներ ունեցող մարդկանց թևերը ընկած, նրանց քաշպատառ անելով մի կերպ բերում էին ընտրության։ Նրանցից մեկը նույնիսկ դժգոհեց, թե «էս ի՞նչ նկուղում է ընտրատեղամասը, եթե իմանայի, չէի գա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ