Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցության համակիրները պարբերաբար խախտում են օրենքը 34/38 ընտրատեղամասում, կուսակցության համակիրները վկայականներ չունեն, կուսակցությունը ներկայանում է մեկ տասնյակից ավելի վստահված անձանցով:
Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի հետ:
Վերջինս «լկտի սուտ» որակեց այդ տեղեկատվությունը: «Ես նման տեղեկատվություն չունեմ, ինքս շրջում եմ, իմ ձեռքին է իմ վկայականը, որտեղ գտնում եմ անհրաժեշտությունը, ասում եմ`ահա գրանցեք: Նման բան չկա, ոչ ոք չի շրջում, Ազգային Ժողովի պատգամավորներս ենք շրջում, դրսում տեսնում ենք փողերի բաժանման բազմաթիվ խմբեր, մեքենաների կուտակումներ են»,-ասաց տիկին Բիշարյանը:
Aravot.am-ի հարցին`ո՞ վ է փող բաժանողը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պարզ չի՞ ում կողմից`Հանրապետական կուսակցության, Սիվիլնեթն էլ նկարել է, ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցության վերաբերյալ տեղեկատվությանը, դա լկտի սուտ է, անձամբ շրջում եմ, տեղամասերով շրջում է նաեւ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը: Հիմա դրսում ակնհայտ խայտառակ վիճակ է, փողեր են բաժանում բոլոր տեղամասերի առջեւ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ