Հայաստանի շախմատի ակադեմիայում հոկտեմբերի 1-ին կայացավ «Երեւան Օփեն» միջազգային անդրանիկ մրցաշարի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրոպայի շախմատային միության նախագահ Զուրաբ Ազմայրփարաշվիլին, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ողջունելով մասնակիցներին եւ հյուրերին՝ ԵՇՄ նախագահն ասաց. «Մենք գտնվում ենք շախմատի երկրում, մի երկրում, որտեղ արձանագրվել են մեծ նվաճումներ՝ աշխարհի չեմպիոն, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն թիմ եւ շատ ու շատ տաղանդավոր շախմատիստներ… Հայաստանում բազում շախմատային լեգենդներ եղել են, էնտուզիաստներ եղել են: Ես այսօր Ծաղկաձորում ասել եմ. երբ Նոյան Տապանը հանգրվանեց Արարատ լեռան գագաթին, սկսվեց մարդկության նոր քաղաքակրթության դարաշրջանը, որի զավակներն ենք մենք բոլորս:
Կարդացեք նաև
Շախմատը հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր առարկա դարձնելու գաղափարը մշակվել եւ հաջողությամբ կիրառվում է Հայաստանում: Եվ ցանկանում եմ ամբողջ աշխարհին, որպեսզի նոր քաղաքակրթության հաշվարկը, որտեղ աշխարհի բոլոր մարդիկ կլինեն կրթված, սկսվի Հայաստանից: Եվ «Երեւան Օփենը» կնպաստի, որպեսզի նոր լեգենդներ ի հայտ գան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ