Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Ահազանգերի կեղծ կամ իրական լինելը կարող է պարզվել միայն ստուգմամբ

Հոկտեմբեր 01,2016 23:29

ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա.Ահարոնյանը  2016թ. հոկտեմբերի 1-ին տարածեց հայտարարություն, որում ուղղակի նշվում է. «կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ»:

ՀՀ-ում մինչ այս տեղի ունեցած ընտրություններն ուղեկցվել են տարատեսակ բնույթի և տեսակի ընտրակաշառքներով, ընտրողների, թեկնածուների և նրանց համակիրների նկատմամբ  ճնշումներով, բացակա ընտրողների   փոխարեն քվեարկություններով և այլ բազմաթիվ խախտումներով:

Նման տխուր ընտրական փորձի առկայության պայմաններում սպասելի էր, որ ՀՀ Ոստիկանությունը պետք է հանդես գար ընտրական խախտումների կանխարգելման, ընտրական խախտումների դեմ պայքարելու պատրաստակամությամբ: ՀՀ Ոստիկանությունը պետք է դիմեր քաղաքացիներին՝ դրսևորելու համառություն, սկզբունքայնություն և քաղաքացիական բարձր գիտակցություն ու ակտիվություն՝ ընտրական խախտումների դեմ պայքարում ՀՀ Ոստիկանությանն աջակցելու կոչով:

Ավելին՝ ոստիկանությունը պետք է զգուշացներ հնարավոր ընտրական խախտումներ կատարողներին, որ նման  փորձ կատարողներն  անպայման կենթարկվեն պատասխանատվության:

Մինչդեռ ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը զգուշացնում է հնարավոր կեղծ ահազանգերի համար իրավական հետևանքների մասին:

Ահազանգերի կեղծ կամ իրական լինելը կարող է պարզվել միայն ստուգմամբ, համապատասխան օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում: Մինչդեռ, ահազանգերի մի մասին արդեն իսկ որակում տալը և դրա համար պատասխանատվության սպառնալիք հնչեցնելը ոչ միայն չի նպաստելու ընտրական խախտումների դեմ քաղաքացիների պայքարելուն, այլ ընդհակառակը՝ հանգեցնելու է խախտումներ կատարողների անպատիժ գործողություններին:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի նման դիրքորոշումը, և կոչ ենք անում քաղաքացիներին՝ ահազանգել բոլոր խախտումների մասին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին:

Կարծում ենք ՀՀ Ոստիկանության ղեկավարությունը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես կգան համապատասխան պարզաբանումներով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

ք. Վանաձոր, հոկտեմբերի 1, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31