Կրկին Երևանում եմ: Այս անգամ ուրախ առիթով. ընկերոջս հարսանիքին պետք է ներկա գտնվեմ: Որոշեցի 2 օր ավել մնալ և քաղաքը վայելել:
Հասնում եմ առավոտյան ժամը 5-ին: Է՜հ, եվրոպական ավիաընկերությունները մեր խեղճ ժողովրդին վաղ առավոտյան են ժամեր տրամադրում: Օրվա ընթացքում եվրոպական օդանավերը թռչում են դեպի ուրիշ մակարդակի երկրներ: Սենյակս պատրաստ չէ, այնպես որ թակում եմ Զաբելի դուռը: Բնակարան, Երևանի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռու: Այստեղ իսկական Երևանն է: Շենքի մուտքի մոտ գարշելի հոտ է տիրում: Երեւանի նորմալ թաղամասերի աղբը շաբաթը մեկ են հավաքում: Ոչի՜նչ: Լավ եմ զգում, Հայաստանն է, մերն է: Սովետական շրջանի բարձրունքի վրա կառուցված շենքի յոթերորդ հարկի հաճելի բնակարանի ոտքերի տակ փռված է սաղ Երևանը: Ննջասենյակի պատուհանից անմիջապես երևում է Ամերիկյան համալսարանը, մի քիչ այն կողմ` Կասկադը, ավելի այն կողմ՝ Արարատը: Ի՜նչ զգացում. առավոտվա կապույտ, ջինջ երկինքը, չոր օդը, շենքին անմիջապես կից երևանյան հին, պարտեզով տների աքլորների լուսաբացի այգը ինձ Շթորան են հիշեցնում:
Թումանյան փողոցի վրայի «Մեր թաղը» ռեստորանի դիմացով եմ անցնում. Արթուրն է Փարիզից «Ֆրանսահայ բժիշկների միություն»-ից, նստած բարեկամի հետ հաց է ուտում: «Դանո՛, արի՛, նստի՛ր»: Նստում եմ: Լահմաջո, սուբերեք, իշլի քյուֆթա, թան. արքայությու՜ն: Արթուրը եկել է Սպիտակի նոր բացվելիք ատամնաբուժարանի կահկարասին, բժշկական պարագաները տեղադրելու, հավաքելու, ճշտելու համար: Պետք եղած ձևով, եվրոպական բծախնդրությամբ: Մեկ ամիս է` գործ, տուն, տեղ, ընտանիք, նորածին թոռնիկ թողնելով այստեղ է: Պատմում է տասնյակներով հայրենիքում կատարած իր նախկին առաքելությունների մասին՝ երկրաշարժի տարիներից սկսած: Որքան գոհ է այստեղ լինելու և արած գործի համար: Այս երկրորդ սերնդի, իր թերի հայերենի պատճառով, մեր՝ բեյրութցիներիս դատելով «կե՛ս» հայը, ինչքա՜ն հայրենասեր է, ինչքա՜ն: Ինձանից ինչքան ավելի գործ է արել:
Աբովյան փողոցով իջնում եմ դեպի հրապարակ: Դիմացից եկողը Սաքո՞ն է: Ին՞քն է, թե ինքը չէ: Ի՛նքը չէ: Ամա՜ն, այս մեկը ինչքան է Շահեին նման: «Մարիոթ»-ի մուտքի մոտ մի տիկին հեռախոսով խոսում է. «նայե ջա՛նիկս, հիմա Երևան եմ»: Հաստատ բեյրութցի է: Տարօրինակ, շատ հաճելի հարազատության զգացողություն կա. կարծես թե փողոցը, քաղաքը, ամբողջ տիեզերքը մերն են:Ամեն տեղ մենք մեզ մեր տանն ենք զգում: Հանկարծ շենքից դուրս է գալիս Վահեն. «Հա՜, Դանո՛, շատ ուրախ եմ, որ տեսա քեզ, գրություններդ կարդում եմ: Շատ լավ ես անում, որ գրում ես, բայց սփյուռքը դատապարտված է: Եթե ինչ-որ բան ես ուզում անես, վե՛ր կաց, արի՛ այստեղ հաստատվիր»…
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթ, երբ եղբորս և իր աղջկա հետ սուրճ էինք խմում Փարիզում՝ «Կաֆե դե լա պե»-ում, նա ասաց. «Զարմիկներիս ամուսինների ազգությունների զանազանությունը շատ հետաքրքրական է. նորզելանդացի, ճապոնացի, չինացի, լիբանանցի, հրեա, ֆրանսիացի, շվեդ, ամերիկացի. ութ հոգու մեջ երկու ազգակից չկա»: Ինչքա՜ն հետաքրքրական է:
Վահե՜…
«Մարիոթ»-ում նախաճաշին հանդիպում ունեմ: Զարմիկս՝ Հովանը, մտավորականի ընտանիքից է՝սասունցի Օվաննես Սիմոնեանի թոռն է:
Էքզեքյութիվ լաունջի հատուկ փոքր սրահը հազիվ էինք մտել ու դեռ սեղան չէինք նստել, երբ ձախ կողմի սեղանից մի երիտասարդ վզովս ընկավ ողջագուրվելու: «Հիշեցի՞ր ինձ, Վարդգեսն եմ, Ոսկեբերանի տղան, Բեյրութում, Խնշարա գյուղում հարևան էինք: Եթե չես հիշում, բնական է. ես այն ժամանակ 8 տարեկան էի, դու 18 կլինեիր, արդեն մեքենա էիր վարում: Անշուշտ, հիշում եմ պարոն Ոսկեբերանին, տիկին Շաքեին, իրենց մեծ աղջկան՝ Լալիկին, որ իր այդ անունը ստացել էր հավանաբար ապրիլի 24-ին ծնված լինելու պատճառով: Վարդգեսը շարունակում է պատմել, թե ինչքան էի տպավորել նրան իմ քաջագործություններով և բարձր հասակովս: Պատմում է, թե ինչքան գեղեցիկ էի այդ ժամանակ: Աջ կողմի սեղանի տիկինը, որ մինչ այդ իր այփադի վրա իմեյլներ էր կարդում, ժպիտով միջամտեց. «Հիմա էլ պակաս տեղ չունի»: «Ներողություն, տիկի՛ն, որտեղի՞ց եք»,- հարցնում եմ: Շողերը Ավստրալիայից է: Դրանից առաջ Բեյրութից. մեր «Քաղաքի Հայ Սքուլից»՝ հորեղբորս աղջկա` Ռիտայի դասընկերուհին է: Դրանից առաջ` գյուրունցի հռչակավոր բանաստեղծ Վահե Վահյանի դուստրը, որ մի տարի մեր հայերենի ուսուցիչն է եղել: Ի՜նչ փոքր աշխարհ է: Մյուս սեղանից մարդիկ միանում են զրույցին: Բացառիկ երևույթ է աշխարհի այլ «Մարիոթ»-ների համեմատությամբ: Սակայն այստեղ՝ Երևանում, մթնոլորտը միշտ է այսպես բացառիկ: Անու՜շ Հայաստան…
Արդեն 15 րոպե է` ոտքի վրա եմ, սուրճի հոտը հոգիս ձգում է: Քաղցից սիրտս թուլանում է: Վերջապես՝ հաց, պանիր, լոլիկ, ձիթապտուղ եմ վերցնում: Այս ամենի հետ թեյը ավելի լավ կգնա: Թեյ եմ վերցնում: Հավկիթ էլ եմ մաքրում:
-Ինչո՞վ կուզեք, սոխո՞վ, սնկո՞վ, ազատգեղո՞վ:
-Ազատգեղը որնա՞:
-Կանաչի,- միջամտում է Հովանը:
Հովանին բողոքում եմ. կանաչին ընդհանրական բառ է: Հովանը բացատրում է, որ այստեղ ազարքեղի համար հատուկ բառ չունեն, ընդհանրապես ռուսերեն «պետրուշկա» բառն են գործածում: Անցյալ անգամ Հայաստան այցիս ժամանակ համարյա կռվի մեջ մտա հայաստանցի մեկի հետ: Չէր հասկանում, թե ստեպղինն ինչ է: Սա դեռ ոչինչ, հետո էլ պնդում էր, որ «գազար»-ը հայերեն բառ է: Գնացինք, բառարան բացեցինք . «իրենց» բառարանի մեջ, իրոք, գազար էր գրված…
Հովանի հետ շատ խոսելիք ունեինք. չկարողացանք խոսել, հետաձգեցինք: Խոսքի մեջ միայն ասեց, որ երկրի «դատարկվելու» ընթացքի արագությունը գլխապտույտ է առաջացնում: Անցյալ ամառ մի ամիս այնտեղ մնացի: Այս անգամ գալուց, հին աշխատողներից ում մասին որ հարցնում եմ, միևնույն պատասխանն եմ լսում «արտասահմանում է»: Մարզերի բնակիչների մասին էլ չեմ խոսում, որ Մոսկվայում ասֆալտ են փռում: Սրանք շենքով, շնորհքով, լեզու իմացող, գործի տեր տղաներ էին: Երկրի ապահովությունը լուրջ կերպով վտանգված է: Վաղը, Աստված չանի, եթե երկրում պատերազմ լինի, զենք բռնող չի լինի»:
Հանկարծ Արմենը զանգեց.
-Լսեցի այստեղ ես, հանդիպե՞նք:
-Չեմ կարող: Վերջին օրս է:
Պատմում է, որ գործերը ահավոր վատ են: Ժողովրդի ձեռքը փող չկա: Խանութների ամսական ծախսի գումարը չի հերիքում վարձակալության և աշխատավարձերը վճարելու համար: Հիմա լավ է. երկրում տուրիստ կա: Թեկուզ այստեղ «Դալմա» մոլ չգնան, միևնույնն է, գոնե դրամ են ծախսում, ժողովրդի ձեռքը դրամ է գալիս: Ձմեռը ինչպե՞ս ենք անցկացնելու, կամ կանցկացնե՞նք արդյոք, չգիտեմ: Հիմա երկու խանութներիցս մեկը պիտի փակեմ: Հինգ աշխատողներիցս 2-ին գործից պիտի ազատեմ: Չեմ դիմանում:
Դանօ
Բեյրութ, սեպտեմբերի 5