Օրերս ճապոնական ավանդական Նո թատրոնը Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հանդես եկավ մի քանի ներկայացումներով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Հանդիսատեսին ողջունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին՝ իր երկրի ավանդական տարազով ու հայերեն խոսքով: Իսկ Նոի առաջատար դերասան Մասայուկի Ֆուջիի խոսքով` ինքն ուրախ է աղոթքի երկրում ներկայացնելու աղոթքի մասին իրենց պատմությունները:
Ներկայացումներից բացի` հանդիսատեսն ականատես եղավ, թե ինչպես է իր աչքի առաջ ճապոնացի տղամարդը վերածվում «սիրուց խելագարված կնոջ», իմացավ, որ թատրոնն ունի 228 տարեկան դիմակ, որը կրելուց առաջ դերասանները պարտադիր խոնարհվում են:
Ճապոնական թատրոններից սա ամենահինն է ու ծագել է 14-րդ դարում: Այն պահպանել է «ծագող արևի երկրի» ավանդական թատրոնի բոլոր տարրերը:
Կարդացեք նաև
Նոն համարվում է Ճապոնիայի ամենախստաշունչ դասական թատրոնն ու ոչ մի ընդհանրություն չունի Եվրոպականի հետ: Թերևս հենց այդ է պատճառը, որ հաճախ այն կարող է ձանձրալի և տարօրինակ թվալ օտարերկրացիներին: Հավանաբար, հենց այդ հաշվի առնելով՝ Մասայուկի Ֆուջին կատակեց. «Ճապոնական թատրոնում շատ բարդ է հասկանալ, թե երբ է պետք ծափահարել, այնպես որ՝ եթե ցանկանաք ծափահարել՝ ծափահարեք: Բայց նույնիսկ եթե չցանկանաք՝ մենք այստեղից հեռանալիս լաց չենք լինի»:
Նո թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է իբրեւ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն: Այն կատարելագործված, խորհրդանշական պար-դրամա է՝ գրված քնարերգության լեզվով: Սա փիլիսոփայական, մարդու հոգևոր համոզմունքների և բարոյական կոդեքսի մասին ողբերգական թատրոն է:
Լառա ՀԱԿՈԲՅԱՆ