Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը

Հոկտեմբեր 01,2016 19:11

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը սիրիահայության անհապաղ ներգաղթ կազմակերպելու անհրաժեշտության մասին

Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված կացությունը հղի է տեղի հայկական գաղութի վերջին տասնյակ հազար հայերին սպառնացող հումանիտար աղետի սպառնալիքով:

Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության եւ դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվել է լքված պատանդի վիճակում: Կառավարական զորքերի ու ապստամբների զորաշարժերի եւ բախումների էական ակտիվացման, ինչպես նաեւ խաժամուժի լիակատար սանձազերծման պարագայում առաջին պլանում է հայտնվում սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային ներգաղթը դեպի Հայաստան: Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրահայ բոլոր առողջ ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսեւորում եւ դրա արդյունավետ պարտադրում ապազգային վարչախմբին` նրա ձեռքի տակ եղած լծակները սիրահայության տարհանման ու դեպի Հայաստան փոխադրման խնդիրների լուծման համար:

Այս գործընթացը քիչ թե շատ հաջող կերպով կազմակերպելու պարագայում պետք է հաշվի առնել, որ սիրիահայերը Հայաստան են գալու որպես փախստականներ, ուստի հարկ կլինի ամեն կերպ ապահովել նրանց նկատմամբ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կիրառումը եւ ՄԱԿ-ի աջակցությունը:

Միեւնույն ժամանակ պետք է նաեւ նկատի ունենալ, որ սիրիահայերը, որպես հայրենիք եւ իրավունքներ կորցրած նախնիների հետնորդներ, կարող են որեւէ այլ, առաջին հերթին` իրենց հայրենակիցների իրավազորության տակ գտնվող տարածքում համատեղ ապրելու եւ իրենց իրավունքները վերականգնելու հավակնություն ունենալ, ինչը հիմք կտա նրանց բնակեցնելու նաեւ Արցախի ազատագրված տարածքներում:

Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ եւ համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության ներգաղթը դեպի հայրենիք:

 

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «կոչ է անում (…) ապահովել սիրիահայության ներգաղթը դեպի հայրենիք»

    անցած վեց տարիների ընթացքում,
    երանի դո՛ւք ստանձնէիք այդ էական գործը

    փոխանակ անհեթեթ բաներով մսխէիք ձեր միջոցները
    հասնելու համար միայն անիմաստ արիւնահեղութեան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31