Լրահոս
Օրվա լրահոսը

Մտերմիկ զրույց նոր վարչապետի հետ

Հոկտեմբեր 01,2016 18:58

Հարգելի պ-ն Կարապետյան, մեր անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված զորահանդեսը չցանկացա դիտել, քանզի ակնհայտ էր, որ Երևանի փողոցներով ռուսական հրթիռները պտտելու միտումը ամենևին Հայաստանի ինքնիշխանության փաստումը չէր: Դա լոկ ՆԱՏՕ-ին ուղղված, ՀՀ-ում ռուսական ուժի առկայության ցուցադրում էր…

Առանց հաճոյանալու պետք է ասեմ (թեկուզ վարչապետին «չափավոր հաճոյանալուց» դեռ ոչ ոք չի տուժել), որ այդ օրերի միակ մխիթարանքս մեր հասարակության կողմից Ձեր անձնական հատկություններին տրվող դրական գնահատականներն էին:

Լոմբրոզոյական դեմքերի շարքում կիրթ և գրագետ պետական այր տեսնելը մեզ համար արդեն ճոխություն է:

Ձեզ ՀՀ վարչապետ նշանակելը թեկուզ հրահանգված էր Մոսկվայից, այդուհանդերձ, կարծում եմ, որ Դուք ի զորու եք հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ շահը գերակա պահել:

Վահագն Կոզմոյան

Վահագն Կոզմոյան

Ժամանակին բրիտանական հատուկ ծառայությունները մեծ հույսեր էին կապում Մահաթմա Գանդիի հետ, համոզված լինելով, որ կկարողանան նրա գործունեությունը վերահսկել և ուղղորդել ի շահ Անգլիայի: Բայց նա ոչ միայն շրջանցեց կայսրության նպատակը, այլև կարողացավ գաղութատիրությունից ազատագրել Հնդկաստանը:

Ի ուրախություն մեզ, ներկայիս մեր երիտասարդությունը որդեգրել է պայքարի գանդիական գործելակերպը՝ «պայքար առանց բռնության», որի արդյունքում պարբերաբար բարձրացող ժողովրդական ընդվզումները մայդանի չեն վերածվում:

Պ-ն վարչապետ, Մոսկվան Ձեզանից ակնկալում է ՀՀ ներկայիս բարձրաստիճան իշխանավորների նահանջի ապահովում, և նոր, բարեկիրթ ռուսահպատակներով կառավարության համալրում, իսկ Ղարաբաղում՝ քրեաօլիգարխիկ կլանի վերջնական ձևավորում, որը կգերադասի Արցախը տեսնել կոռումպացված ՌԴ կազմում:

Ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն, որ Ձեր օրոք, 2017թ-ին անցկացվելիք ընտրապայքարը կլինի պակաս անարդար, կարիքավորները չեն բացառում, որ գործարարի Ձեր փորձը կարող է բարելավել երկրի տնտեսական վիճակը…, թե ինչ կակնկալեն Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և թվով քանիսն են ակնկալողները դա էական չէ…

Ձեր անվրդով, պահվածքից կարելի է ենթադրել, որ Դուք ամենը ավելի հստակ եք տեսնում, որ այդ բոլորն ի վերջո բերելու են երկու տարբերակի. կամ ժիրայրսեֆիլյանական, կամ զորիբալայանական Հայաստանի…

Մենք մեր ընտրությունն արել ենք, հերթը Ձերն է:

 Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31