«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերը որոշակի ազդեցություն են ունենում բնության վրա, պետք է փորձել հնարավորինս ավելի քիչ էներգիա ծախսել մեր կարիքները հոգալու համար»,- ասում է Վայքի 15-ամյա աշակերտ Էլյա Գասպարյանը:
Էլյան և իր հասակակից աշակերտները Վայքից և Սպիտակից սեպտեմբերի 27-ին ժամանել էին Երևան` մասնակցելու էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի թեմաների շուրջ ուսուցողական դասընթացի: Այն նախաձեռնել էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը` Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակում միանալով ԵՄ-ի էներգախնայողության օրերին:
Էլյան պատմում է, որ դասընթացի ընթացքում սովորել է, որ օրինակ՝ արևից ստացվող էներգիան էկոլոգիապես ավելի մաքուր է, վնաս չի հասցնում բնությանը և ավելի քիչ ծախսեր է պահանջում:
15-ամյա Հարութ Հովհաննիսյանն էլ, շարունակելով Էլյայի միտքը, նշում է, որ երբ անհրաժեշտ է գիրք կարդալ, որի համար լույս է պետք, կարող ենք նստել պատուհանի մոտ և օգտվել արևի լույսից, ոչ թե այնպիսի սենյակում, որը մութ է և արհեստական լույսի անհրաժետություն կա:
Կարդացեք նաև
Երիտասարդ ինժեներների ասոցիացիայի ներկայացուցիչներ Հովհաննես Կարապետյանը և Հունան Հովակիմյանը դասընթացի ընթացքում աշակերտներին փոխանցում էին գիտելիքներ, թե ի՞նչ է էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը, որո՞նք են այլընտրանքային էներգիայի տեսակները և դրանց կիրառման ձևերը, ինչպե՞ս մեր վարքը դարձնել էներգախնայող, ինչպե՞ս նվազեցնել տան ջեռուցման, հովացման և լուսավորության ծախսերը:
Աշակերտները ստացած գիտելիքները պետք է դասընթացի ավարտից հետո կիրառության դնեին` առաջարկելով նորարար գաղափարներ էներգաարդյունավետության և էներգիայի վերականգնման ուղղությամբ:
Դասընթացի մեկնարկին ներկա էր Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, որն իր ողջույնի խոսքում աշակերտներին ասաց, որ պետք է լուրջ վերաբերվել էներգախնայողության և վերականգնվող էներգիայի խնդիրներին: «Մենք արդեն իսկ Սպիտակում իրականացնում ենք աշխատանքներ՝ մեր շենքերի ջերմամեկուսացման ուղղությամբ: Փորձում ենք խնայողաբար օգտագործել էներգիան, ավելի քիչ ծախսել՝ էներգիա ստանալու համար և կրճատել ջերմոցային գազերի արտանետումը»:
Վայքի 17-ամյա աշակերտ Լիլիթ Գասպարյանն էլ պատրաստվում է այսուհետ ատամները լվանալիս ջուրը փակել՝ նշելով, որ ջուրը տաքացնելու համար էներգիա են ծախսում. այդպես ավելի քիչ կծախսեն:
Սպիտակի 15-ամյա աշակերտ Մարիետա Բաղդասարյանը պատմում է, որ մինչ այժմ իրենց տանը շիկացման լամպեր էին օգտագործում, որը և’ ծախսատար է, և’ ցածր արդյունավետություն ունի, նաև բնությանն է վնաս հասցնում: Դասընթացի ընթացքում որոշել է՝ արդեն պետք է օգտագործեն լուսադիոդային լամպեր, որոնք և’ ավելի խնայող են, և’ ավելի քիչ վնասակար:
Սպիտակից 16-ամյա Անի Դանիելյանի համար հետաքրքիր նորությունն այն էր, որ հնարավոր է նաև գոմաղբից էներգիա ստանալ: Էներգախնայողությանն անդրադառնալով` ասում է, որ եթե կարիքը չկա, ապա լույսը չպետք է միացրած թողնել, ջուրը երկար բաց թողնել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում