Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. «Սասնա ծռերի» գործով ՄԻԵԴ դիմելու համար ցանկալի է սպասել մինչեւ մեղադրական դատավճիռը

Հոկտեմբեր 01,2016 15:56

Դատարանները շարունակում են քննել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կալանքի երկարաձգման միջնորդությունները: Մեկ անգամ չէ, որ փաստաբանները հայտարարել են, որ նպատակ ունեն ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Aravot.am-ը միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանին խնդրեց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը, արդյոք նման նախադեպեր կան: Նա պատասխանեց. «Այստեղ պետք է նկատի ունենալ, որ եթե նրանք վիճարկում են երկարաձգվող կալանքը, ապա ցանկալի է, որ սպասեն մինչեւ մեղադրական դատավճիռը, որովհետեւ ՄԻԵԴ-ի համար կալանքը համարվում է շարունակվող մինչեւ մեղադրական դատավճիռը:

Եվ այդ ժամանակահատվածի ներքո պետք է ներկայացնեն: Գուցե իրենք հիմա ներկայացնեն առաջին, երկրորդ ժամկետներից հետո, որ հետո համալրում անեն, դա նույնպես նորմալ է: Բայց այդուհանդերձ, ՄԻԵԴ-ը համարում է, որ այդ վիճահարույց իրավիճակը դեռ ավարտված չէ, դեռ շարունակվում է, եւ ավարտվում է մեղադրական դատավճռով: Ուստի, հայցը ամբողջական լինելու համար պետք է վիճարկել այն ժամանակահատվածը, որն ընկնում է արգելանքի սկսման պահից մինչեւ մեղադրական դատավճիռը»:

Արա Ղազարյանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի նկատմամբ մի քանի վճիռներ է կայացրել խափանման միջոց կալանավորման վերաբերյալ. «Կալանավորման առնչությամբ համակարգային շատ խնդիրներ ենք ունեցել, որոնք արդեն վերացվել են պրակտիկայի ընթացքում: Հիմա պետք է տեսնել, թե պաշտպանները կոնկրետ ինչ են վիճարկում: Այն, ինչ որ իրենք վիճարկում են ՄԻԵԴ-ի կողմից հաստատված բազմաթիվ ակտեր կան ե՛ւ ընդդեմ Հայաստանի, ե՛ւ այլ պետությունների»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31