Սկիզբը՝ այստեղ:
Մի դրվագ Իսրայել պետության պատմությունից: Հրեա ժողովուրդը ի սկզբանե չուներ պետություն, նույնիսկ մի կտոր սեփական հող, որտեղ կարող էին ապրել, հաց աճեցնել, տուն կառուցել: Մի անգամ Աբրահամին հայտնություն եկավ աստծու կողմից և հրեաներին խոստացավ ավետյաց երկիր, ստեղծեց պատկերը այն բնակավայրի, որտեղ հրեաները կունենան իրենց հզոր պետությունը, կապրեն ու կաշխատեն մարդավայել, ըստ Աստծո պատվիրանների: Նա չնշեց տեղը, չնշեց ժամանակը, այլ միայն ստեղծեց ավետյաց երկրի պատկերը: Չնայած որոշ հրեաների կասկածներին, դժգոհություններին, դժվարություններին և չարչարանքներին, 40 տարի անապատներում թափառելուց հետո, հրեաները վերջապես գտան ավետյաց երկիրը և ստեղծեցին իրենց պետությունը, որը ծաղկում և հսկայական քայլերով զարգանում է։ Այս ամենի հիմքը իրենց ապագա երկրի պատկերն էր և մեծ հավատը:
Եվ այսպես, ինչպիսի հայրենիք կուզենամ ունենալ ես, որտեղ ես, իմ երեխաները, իմ թոռները, իմ հարազատները և ընդհանրապես հայերը կապրեն հարմարավետ պայմաններում, որտեղ իմ և ցանկացածի մտքի ամենահեռավոր անկյունում անգամ չի ծնվի հայրենիքը լքելու չարաբաստիկ գաղափարը, որտեղ ապրելու,ազատ աշխատելու, ստեղծագործելու ցանկություն կունենան ոչ միայն համեմատաբար ոչ վաղ անցյալում արտագաղթածները, այլեւ աշխարհով սփռված հայերը, ինչու ոչ, նաև այլ ազգերի ներկայացուցիչներ: (Արաբական Միացյալ Էմիրությունները փայլուն օրինակն է: Ինչու մենք չենք կարող, մեր ինչն է պակաս: Նավթն ու ծովը որոշիչ ցուցանիշ չեն, Խնդիրը ուրիշ հարթության մեջ է):
Ես կուզենաի ունենալ հայրենիք, որտեղ թիվ մեկ իրավունքը կյանքի իրավունքն է, որտեղ ոչ ոք չի կարող որևէ ոտնձգություն անել մարդու կյանքի նկատմամբ, այն անձեռնմխելի է: Կյանքի իրավունքն իրացնելու համար հարկավոր են անհրաժեշտ միջոցներ, վերջին հաշվով աշխատանք։ Մարդը պետք է ունենա օրենքով ամրագրված բավարար ազատություն իր աշխատանքային գործունեության բնույթը ընտրելու համար։ Մեծ հաշվով կա աշխատանքի 2 տարբերակ – վարձու աշխատանք կամ ինքնուրույն աշխատանք ( նորօրյա տերմինով բիզնես)։ Վարձու աշխատանքի դեպքում յուրաքանչյուր աշխատող պետք է ստանա բավարար վարձատրություն գոնե իր նվազագույն պահանջները բավարարելու համար, այսինքն պետք է ունենա տանիք, պետք է կարողանա հոգալ իր և իր ընտանիքի սննդի,հագուստի, կոմունալ,ուսման, հանգստի և այլ ծախսերը, որոնք անհրաժեշտ են մարդավայել ապրելու և վերարտադրվելու համար: Աշխատանքի բիզնես տարբերակը ընտրելու պարագայում մարդը, համապատասխան իր գիտելիքների և և այլ ունակությունների, պետք է ունենա բավարար ազատություններ և հավասար պայմաններ, իր գործունեությունը ծավալելու համար, համապատասխան գործող օրենքների: Իմ կարծիքով այս երկու պայմանը հանդիսանում են այն հիմքը, որից բխում են նորմալ երկիր ունենալու մնացած բոլոր գործողություննեևը:
Այս ամենը ունենալու համար անհրաժեշտ են օրենքներ, որոնք,իհարկե հիմա էլ կան: Օրենքի լավ կամ վատ լինելու գնահատականը, բոլոր դեպքերում, կտա ժամանակը: Հարցը լավ կամ վատ օրենքի մեջ չի։ Հարցը այն է, որ օրենքը պետք է գործի անկախ որևէ հանգամանքից, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, անկախ հասարակական, քաղաքական, քաղաքացիական, ֆինանսական, բարեկամական, քավոր-սանիկական և այլ հանգամանքներից: Որպեսզի օրենքը գործի անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, որոնց գուրծունեությունը բացառապես հիմնվում է ընդունված օրենքների վրա, ոչ մի կապ չպետք է ունենա նախագահի, վարչապետի, այլ պաշտոնյաների հետ: Օրենքից մասսայական դժգոհությունների դեպքում պետք է փոխել օրենքը, օրենսդիր մարմիններում բազմակողմ քննարկումներից և օրենքի կիրառման շահառուների կարծիքը հաշվի առնելուց հետո:
Ինչպիսին պետք է լինի մեր պետությունը, ինչ ուղղություններով պետք է զարգանա, ինչ տնտեսություն պետք է ունենա, ինչ գյուղատնտեսություն և այլ: Իմ կարծիքով, նախ և առաջ, պետական մակարդակով պետք է որոշել հիմնական առաջնահերթությունները, հաշվի առնելով մեր երկրի բնական հարստությունները, աշխարհագրական դիրքը, հարևաններին, պատմամշակույթային ահռելի ժառանգությունը և ամենակարևորը, մեր ժողովրդի մտավոր հսկայական ներուժը և ըստ այդմ հաստատագրել մեր պետության կայացման և զարգացման հենքը: Բոլոր դեպքերում շեշտը պետք է դնել այն բնագավառների վրա, որում մենք ուժեղ ենք և կարող ենք դառնալ մրցունակ ամբողջ աշխարհում: Օրինակ եթե խոսում ենք Շրի Լանկայի մասին, առաջին հերթին մտածում ենք որակյալ թեյի մասին, Շվեյցարիա՚ ժամացույց, Գերմանիա՚ Մերսեդես և այլն: Իսկ ինչ ունի Հայաստանը: Ես կնշեմ մի քանի ուղղություններ միայն, որտեղ կարող ենք ունենալ շատ մեծ հաջողություններ – տուրիզմ, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, ոսկեգործություն, տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներ, նանոտեխնոլոգիաներ (արագացուցիչի առկայություն), կրթություն, բժշկություն և այլն: Մնացածը կարող եք հուշել դուք:
Ամեն մեկը կարող է ներկայացնել կոնկրետ իր բնագավառի մասին իր պատկերացումները․ սպորտսմենը, տնտեսագետը, իրավաբանը, գիտության ներկայացուցիչը, արվեստի գործիչը և այլն: Մի հոգին, ձեզանից մեկը, ինչքան էլ ուզենա ամբողջական, վերջնական տեսքի բերել մեր հայրենիքի ապագա պատկերը, չի կարող դա անել: Սա, իմ կարծիքով, պետք է լինի ձեզանից յուրաքանչյուրի մտքի աշխատանքը, ձեզանից յուրաքանչյուրի պատկերացրած Հայաստանը: Ձեր մտքերը, առաջարկությունները, ամենահամարձակ գաղափարները կարող եք ուղարկել «Առավոտ» թերթի խմբագրության հասցեին, որտեղ ամփոփելուց հետո կունենանք մեր հայրենիքի ամբողջական պատկերը: Թե ինչպես հասնել այս ամենին ր իրատռսական է արդյոք սա, կխոսենք հաջորդիվ:
Ձեզանից մեկը
Շարունակությունը այստեղ: