Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Փայլյանը Վաշինգտոնում պատմել է Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 01,2016 10:18

Այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին, Վաշինգտոնում անցած խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլյանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0,1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»:

Անպատիժ հանցագործությունները նոր հանցանքներ են ծնում եւ այսօր Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են հայտնվել, որում հայերն էին մեկ դար առաջ, նշում է Կարո Փայլյանը.

«Նախորդ դարի սկզբին հայերիս միակ պահանջն ապակենտրոնացումն էր, սակայն, ցեղասպանությունից հետո ձեւավորվեց չափազանց կենտրոնացված Թուրքիա»:

Արդյունքում այսօր Թուրքիայում իշխանավորն անխուսափելի դառնում է սուլթան, նշում է Փայլյանը.

«Հարյուր տարի առաջ հայերն էին ոչնչացվում եւ նույն գաղափարախոսությունը՝ կենտրոնացված, անմարդկային ու անհոգի գաղափարախոսությունը շրջվել է քրդերի եւ բոլոր դեմոկրատների դեմ: Արդյունքում, այսօր Էրդողանը մեղադրանքներ է ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են, եւ նրանց ահաբեկիչ անվանում: Եւ նա ասում է, որ շարունակելու է այդ պատերազմը մինչեւ ոչնչացվի ՛՛վերջին ահաբեկիչը՝՝, ինչի պատճառով յուրաքանչյուր օր 30-40 մարդ է զոհվում»:

Կարո Փայլյանի խոսքով, իր իշխանության առաջին տարիներին Էրդողանը, հետեւելով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութողլուի խորհուրդներին, փորձում էր իրեն աշխարհի սունիների առաջնորդ հռչակել, սակայն, նրա մոտ ոչինչ չստացվեց եւ Դավութողլուն աշխատանքից ազատվեց: Այսօր Էրդողանը փոխել է մարտավարությունը, փորձելով իր շուրջը միավորել Թուրքիայի ազգայնականներին, ինչը հանգեցնում է տրամադրությունների սրմանը երկրի ներսում:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31